Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Վահրամ Բաղդասարյանը պնդում է, թե ընտրություններից առաջ հանրությունը ահաբեկված ու վախեցած է։ Ըստ նրա, մարդիկ իրենց աշխատատեղերը կորցնելու վախից չեն մասնակցում իր քարոզարշավներին․ - «Ինչ-որ ահաբեկված է, վախեցած է հանրությունը: Կարծես թե խուսափում են ինչ-որ բարձրաձայնել իրենց կարծիքները: Ի՞նչ է նշանակում, որ մարդը գալիս է կողմնորոշվելու կամ լսելու ծրագրային դրույթներ և վախեցած է՝ հանկարծ իրեն չնկարահանեն: Ասում է՝ կգամ, բայց հանկարծ նկարահանումներ չլինեն»:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարող թեկնածուն ասում է, որ իրենց բազմաթիվ համակիրներին իշխանության սպառնալիքներից պաշտպանելու համար, արգելում է լրագրողների ներկայությունն ու նկարահանումներն իր քարոզարշավներին:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ Վանաձորում հանդիպել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ և հավաստիացրել, որ Լոռու ոստիկանները «տիրապետում են մարզում տիրող իրավիճակին, ուստի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման նկատմամբ ցանկացած ոտնձգություն չի վրիպելու նրանց ուշադրությունից»։ Նա Լոռու ոստիկաններին խիստ հրահանգել է ուշադրության կենտրոնում պահել մարզի, այսպես ասած, քրեական հեղինակություններին՝ «բացառելով նրանց ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա»․ - «Կրիմինալի ներկայացուցիչ ա, չգիտեմ ինչ ներկայացուցիչ ա, իր մասնակցությունը պիտի լինի ընտրության օրը միայն ու միայն որպես Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացի, գա, ընտրի ու գնա: Որևէ կաշկանդված ոստիկան ես էս հարցով չտեսնեմ»:
Մինչդեռ հանրապետականները ոստիկանապետի խիստ պահանջները որակում են որպես սպառնալիք իրենց համակիրների նկատմամբ։ Վահրամ Բաղդասարյանը, առանց անուններ նշելու, ասում է, թե Լոռու մարզում իրենց համակիրներին մեկուսացնում են ընտրական պրոցեսից՝ անգամ թույլ չտալով մասնակցել քվեարկությանը․ - «Արդեն մի քանի տասնյակ մարդու առաջարկել են լքել հանրապետությունը, այսինքն՝ մարդուն ընտրական իրավունքից զրկում են․․․ Ի՞նչ է նշանակում դա: Ես չգիտեմ ովքեր են այդ մարդիկ․․․ Այդ անունները արդեն իսկ ոստիկանությունը գիտի, նրանց հետ խոսել ենք և ասել ենք, որ մեք անհանգստացնի ընտրողին և մի զրկեք ընտրելու իրավունքից»:
Լոռու մարզում առաջադրված հանրապետական թեկնածու Էդուարդ Շարմազանովը ևս սպառնալիքների մասին «օդում կախված» լուրեր է հայտնում․ - «Ես գնդակը ուղարկում են իշխանությունների և Փաշինյանի դաշտ և խորհուրդ եմ տալիս իրանց ստուգել իրանց մարզպետներին, փոխմարզպետներին, պաշտոնյաներին, նախարարներին, որոնք ըստ օդում կախված լուրերի, կանչում են մարդկանց, ասում են՝ մի երևա, խորհուրդ կտանք Հայաստանը լքես, թիվ են դնում, պլան են դնում մարդկանց վրա՝ եթե Հանրապետականին էսքան ձեն ա էղել համայնքից, էդքան պետք ա տաս․․․ ըստ օդում կախված լուրերի: Ըստ Փաշինյանի, [մեր] կառավարման ժամանակ օդում կախված լուրերը մոդա էր, հիմա արդեն Փաշինյանը դառավ իշխանություն, օդում կախված լուրերով չի կարելի խոսա՞լ: Ես եմ որոշում ոնց խոսամ, ոնց չխոսամ»:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը զավեշտալի է համարում Հանրապետական կուսակցության անդամների այս պնդումները․ - «Նման բան չի եղել: Իրենք երևի կաշկանդվում են, երբ որ լսում են օրենքի սահմաններում գործելու մասին: Էսօր իրենք գտնվում են շատ տխուր վիճակում և փորձում են ձեռքները փրփուրներից գցել»:
Լոռու մարզպետը հայտնեց, որ Ալավերդու թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը նկատողություն է ստացել կրթական հաստատությունում քարոզչությամբ զբաղվելու համար․ - «Եղել ա կոնկրետ հրավեր ուսուցիչներին աշխատասենյակ և միացվել է մեր վարչապետի ելույթներից երևի էմոցիոնալ հատվածներ, և ասվել է՝ իրե՞ն եք ուզում ընտրել, սա՞ եք ուզում և այլն»:
Ի դեպ, անօրինականության համար նկատողություն ստացած տնօրենն օրերս «Ազատությանն» ասել էր, որ Հանրապետական կուսակցության անդամ է։
Իշխանությունների կողմից սպառնալիքների մասին հանրապետականների պնդումներին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի ընտրողները հակադարձում են․ - «Ամեն ինչը ով ոնց ուզում ա, թենց ա անում, իսկ ընդով կամ զաստավիտ էր, կամ մնացածն է փողի համար, մի հինգ մանեթ էին տալի, տասը մանեթ էին տալի, ասում էին ընտրի մեզ, նրանք էլ ընտրում էին: Իսկ հմի էդ մարդն ասում ա՝ ազատ ընտրի ում ուզում ես»: