Մատչելիության հղումներ

Նախընտրական քարոզարշավի առաջին մասը «հանգիստ և խաղաղ էր»․ եվրոպացի դիտորդներ


ENEMO-ի առաքելությունը ասուլիսի ժամանակ, Երևան, 4-ը դեկտեմբերի, 2018թ․
ENEMO-ի առաքելությունը ասուլիսի ժամանակ, Երևան, 4-ը դեկտեմբերի, 2018թ․

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի՝ ENEMO-ի (European Network of Elections Monitoring) միջանկյալ զեկույցը փաստում է՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին մասը «հանգիստ և խաղաղ էր, չնայած հանգամանքին, որ արձանագրվել են ատելության խոսքի դրսևորումներ»։

«Նախորդ ընտրական գործընթացների համեմատ՝ մենք տեսնում ենք, որ այս անգամ քարոզարշավի ընթացքում էականորեն նվազել է վարչական ռեսուրսի օգտագործումը», - ասաց առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։

Այսօր Երևանում հրավիրած ասուլիսում Վույովիչը նկատեց՝ ատելության խոսք ավելի քիչ է հնչել, քան հնչում է, ասենք, ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող մի շարք այլ երկրներում:

«Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ այս նախընտրական քարոզարշավը շատ խաղաղ էր ընթանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոփոխությունները եղել էին բոլորովին վերջերս: Այո, մենք գրանցել ենք ատելության խոսքի որոշ դեպքեր։ Մենք գրանցել ենք դեպք, երբ վարչապետը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ ցածր չինովնիկներին ազատելու է աշխատանքից և այլն։ Սա հնչել է որպես սպառնալիք, բայց, ամեն դեպքում, եթե հաշվի առնենք ընդհանուր մակարդակը, ապա ձեզ մոտ այս ատելության մթնոլորտը ցածր է, քան շատ այլ երկրներում», - նշեց նա։

Վույովիչն անդրադարձավ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) աշխատանքին, ասելով՝ արձանագրել են, որ այս տարի ԿԸՀ-ը նույն կազմով շատ ավելի լավ աշխատանք է իրականացրել, քան նախորդ տարիներին։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ առաքելության ղեկավարն ասաց, որ այս փոփոխությունները տեղի են ունեցել իշխանությունների դրսևորած քաղաքական կամքի շնորհիվ:

«Սա մի օրինակ է, թե ինչպես քաղաքական կամքը կարող է նման ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա միևնույն կազմակերպությունում։ Այսինքն՝ այդ կազմակերպությունը ունի իր բոլոր ինստիտուցիոնալ կարողությունները, նրանք ունեն փորձառություն, այնտեղ աշխատում են փորձառու մարդիկ, բայց նախկին խնդիրները առաջացել են քաղաքական ազդեցությունների պատճառով։ Հիմա տեսնում ենք այլ քաղաքական կամք, որը աջակցելու է արդար ընտրություններին։ Բայց դա շատ լավ բան չէ, որովհետև ընտրություններ կազմակերպող կազմակերպությունները չպետք է կախված լինեն այս կամ այլ քաղաքական կամքից, որովհետև քաղաքական կամքը կարող է լինել լավ, ընտրությունները լավ անցնեն, լինել վատ՝ ընտրությունները վատ անցնեն։ Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ սա ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ընտրություններով զբաղվող կամզկերպությունները պետք է լինեն ազատ, անկախ, չպետք է կախված լինեն քաղաքական կամքից», - ընդգծեց Զլատկո Վույովիչը։

Սա «Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի առաջին դիտորդական առաքելությունն է Հայաստանում։ ENEMO-ի դիտորդները Հայաստան են ժամանել նոյեմբերի սկզբին, առաքելությունը երկրում կմնա ընտրություններից հետո ևս վեց շաբաթ։ Դեկտեմբերի 9-ին՝ ընտրությունների օրը ENEMO-ի 60 դիտորդները նախատեսում են դիտարկել մինչև 450 ընտրատեղամասեր։ Ընդհանուր առմամբ արտահերթ այս ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 22 տեղական հասարակական կազմակերպություններ, 8 միջազգաին կազմակերպություններ և օտարերկրյա հասարակական կազմակերպություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG