Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված զինծառայողների հարազատները հերթական անգամ հավաքվել էին Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ՝ քրեական գործերը վերանայելու, երիտասարդների նկատմամբ իրականացված խոշտանգումները հետաքննելու և մեղավորներին պատժելու պահանջով:
«Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նրանք պնդում էին, որ զինվորները անհիմն են ձերբակալվել, և որ նրանցից մի քանիսն անգամ հետաքննության ընթացքում կտտանքների զոհ են դարձել:
Առեղծվածային այս պատմության մեջ ներգրավված զինծառայողների հարազատները արդեն հինգերորդ անգամ են դիմում Իլհամ Ալիևին ՝ խնդրելով լսել իրենց բողոքը և պարզաբանումներ տալ:
Անցյալ տարվա մայիսին Ադրբեջանի իրավապահ և ուժային մարմինները համատեղ հաղորդագրություն էին տարածել՝ հայտնելով զինվորականների շրջանում զանգվածային ձերբակալությունների մասին: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածները Հայաստանի օգտին լրտեսություն են իրականացրել, նրանց մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության հոդվածով: Թե քանի հոգի է ձերբակալվել, ինչ ապացույցներով են առաջնորդվել իրավապահները հատուկ գործողություն իրականացնելիս, չէր հաղորդվել: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ որոշ տեղեկություններ այդուհանդերձ հայթայթել էին, սակայն հրապարակելուց անմիջապես հետո հրավիրվել էին գլխավոր դատախազություն և նկատողություն ստացել:
Այդ լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել էին, որ ձերբակալվածներից վեց հոգու ինքնությունը պարզել են, նրանցից հինգը մահացել են անհայտ հանգամանքներում, մեկի ճակատագիրն անհայտ է: Ալիևի վարչակազմի ընդդիմախոսների պնդմամբ՝ դավաճանության մեջ մեղադրվող այդ անձանց նկատմամբ արտադատարանական մահապատիժ է իրականացվել:
Գործի շրջանակում 10 տարվա ազատազրկման դատապարտված Մաջիդ Գասիմովի հայրը՝ Քյամիլ Գասիմովը պնդում է՝ որդին անմեղ է: Նրա խոսքով՝ ձերբակալությունից հետո որդուն խոշտանգել են և մահամերձ վիճակում ստիպել ինչ-որ փաստաթղթեր ստորագրել:
Վալիդա Ահմեդովայի խոսքով, իր որդին՝ Էլչին Գուլիևը նույնպես մահացել է իրավապահների գործողությունների հետևանքով: «Նրանց սպանել են, որպեսզի իրականությունը մյուսներին չպատմեն: Ով էլ ողջ է մնացել՝ հոգեկան խնդիրներ ունի», - ասել է Ահմեդովան:
Ի տարբերություն Վալիդա Ահմեդովայի, ով գիտի, թե ինչ հանգամանքներում է մահացել որդին, բողոքի ակցիային մասնակից սևազգեստ ծնողներից շատերը դա էլ չգիտեն: Նրանք եկել էին նախագահ Ալիևից պահանջելու պարզաբանել մութ ու ողբերգական պատմության հանգամանքները: Ծնողները պատմում են, որ պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված իրենց զինծառայող որդիները շատ դեպքերում ճաղերի ետևում սպանվել և թաղվել են պատահական վայրերում՝ գերեզմանատներից դուրս: