Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խոստանում է «հայտնի կոռուպցիոներներից» պետությանը վերադարձնել 2.5 միլիարդ դոլար


Արարատի մարզում «Իմ քայլը» դաշինքը նախընտրական 4 կանգառ ունեցավ՝ Արարատում, Վեդիում, Արտաշատում ու Մասիսում։

Հիմնականում գյուղատնտեսական մարտահրավերներից՝ ոռոգման ջրի, կարկտային կայանների ու գյուղմթերքի արտահանման թեմաներից խոսելուց բացի նախընտրական հավաքները վարող վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտացուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց կոռուպցիայի դեմ պայքարի թեման։ Առաջիկա 5 տարում ընտրվելու դեպքում «Իմ քայլի» կազմած կառավարությունը խոստանում է պետությանը վերադարձնել 2.5 միլիարդ դոլար և այդ գումարն ուղղել զինված ուժերին։

«Այդ 2.5 միլիարդ դոլարը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները։ Բայց սա չի նշանակում, որ այդ ամբողջ թալանված գումարի չափն է», ֊ հայտարարեց Փաշինյանը։

Ընտրություններից հետո Հայաստանում կներդրվեն անցումային արդարադատության որոշակի գործիքներ. այս մասին նշված է նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։

«Սա շատ կարևոր հարց է, որը մենք պետք ա առաջիկա Ազգային ժողովում քննարկենք, և հանրությունն էլ այդ քննարկմանը պետք է մասնակից լինի։ Որովհետև մենք մի կողմից տեսնում ենք, որ հանրությունը էդ պահանջը մեր առաջ դնում է, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում լինենք ավելի էֆեկտիվ, բայց մյուս կողմից իրավական ընթացակարգերը թույլ չեն տալիս, որ մենք լինենք բավարար չափով արագ և խնդիրները հանրության համար ցանկալի արագությամբ լուծենք», ֊ մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով ցանկացած կառավարության համար քննադատությունը կարևոր ու առաջընթացը խթանող գործիք, միայն թե, ըստ Փաշինյանի, Հայաստանում կան ուժեր, որոնք ստեր են հնչեցնում նեղ անձնական շահերի համար։

«Մեզ, ըստ էության, ոմանք փորձում են մեղադրել Արցախի դեմ ինչ֊որ դավադրությունների մեջ ներգրավված լինելու համար։ Դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու հարց չէ։ Այո, էդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ և հանրության առաջ թող կանգնեն և պատասխան տան։ Որ ասում են՝ էս հեղափոխությունը դավադրություն ա Արցախի և Հայաստանի դեմ։ Պահանջեք՝ թող բացատրեն, էդ ի՞նչ դավադրություն ա, էդ ի՞նչ ինֆորմացիայա։ Իհարկե սուտ ա, որովհետև հեղափոխությունը արել է ժողովուրդը։ Եթե որևէ մեկը հեղափոխությանը մեղադրում ա Հայաստանի կամ Արցախի դեմ դավադրութան մեջ, ուրեմն նա հայ ժողովրդին ա մեղադրում»։

Քննադատության թիրախ է դառնում նաև Փաշինյանի կառավարության վարած արտաքին քաղաքականությունը, որտեղ, ըստ վարչապետի պաշտոնակատարի, մինչ օրս միայն մեկ բան է փոխվել. ֊ «Փոխվել ա էն, որ Հայատանում հաստատված ա կառավարություն, որի վրա աշխարհում ոչ մեկը ոչ մի կոմպրոմատ չունի և չի կարող ունենալ, ի տարբերություն նախորդների։ Էս ա տարբերությունը Հայաստանի արտաքին քաղաքականության»։

Անդրադառնալով գյուղատնտեսական հարցերին՝ «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն նշեց, որ գնահատում է գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող ընկերությունների արած գործը, որոնցից ամենամեծը «Սպայկան» է։

«Այո, հարկային ստուգումներ էլ կլինեն, պետության առաջ նրանց պարտավորությունների ճշգրտում կլինի, բայց ոչ մեկը այս պրոցեսից չպետք ա ահաբեկվի, չպետք ա լարվի։ Այո, պետության հարկերը պետք ա վճարվեն, բայց մենք էս պրոցեսում ոչ մի ընկերության համար բարդություն չենք ստեղծելու», ֊ խոստացավ Փաշինյանը։ ֊ «Մենք մենակ մի պահանջ ունենք, ասում ենք՝ էն, որ մարդը աշխատում ա ձեր մոտ, ձեր գործարանում, չի նշանակում, որ դա ձեզ իրավունք ա տալիս մարդկանց ասել՝ պիտի էս մեկին ընտրեք, էս մեկին չընտրեք։ Այ դա՝ կարմիր գիծ ա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG