«Նիկոլ Փաշինյանը Հանրապետականների մեղադրանքները շուռ է տվել նրանց դեմ»․ - «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց վերլուծաբան, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը:
Անցած շաբաթ օրը Սյունիքի մարզում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե որոշ ուժեր, իրենց նեղ խմբային և անձնային շահերից ելնելով, դավադիր պատերազմ են հրահրում, և հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայությանը զբաղվել այդ հարցով․ - «Նրանք որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային և անձնային շահերը: Որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն»:
Վերլուծաբան Մանվել Սարգսյանի կարծիքով, այս ամենը պետք է ընկալել նախընտրական տրամաբանության շրջանակներում: Ըստ նրա, արտաքին սպառնալիքը մշտապես օգտագործվել է բոլոր ընտրություններում: Եթե այժմ Հանրապետականի անվան տակ հանդես եկող անձինք վախեցնում են ժողովրդին Ղարաբաղի հարցով, թե նոր իշխանությունը դավադրություններ է ծրագրում, ապա Փաշինյանն այդ նույնը կիրառում է Հանրապետականների դեմ:
«Ենթադրենք Հանրապետական կուսակցության բրենդի տակ ինչ-որ մարդիկ են հավաքվել․ բրենդի տակ հավաքված մարդիկ ի՞նչ պիտի ասեն: Պիտի սարսափեցնեն հանրությանը: Ուրիշ ոչ մի ասելու բան չկա: Մոբիլիզացիոն ինչ-որ պոտենցիալ է, որ ուշադրությունը հրավիրեն իրենց: Նույն մոտեցումն էլ ցուցաբերեց Փաշինյանը․ ոնց որ հանրապետությանը մոբիլիզացնի այս ներքին վտանգի գաղափարի շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:
«Ազատություն»․ - Դուք ասում եք, որ Հանրապետականի բրենդի տակ հանդես եկող որոշ անձինք՝ նախկին իշխանությունները, փորձում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը շահարկելով հանրության մեջ վախ սերմանել, որ այս իշխանությունը ինչ-որ դավադիր գործունեություն է ուզում ծավալել: Հիմա Փաշինյանը․․․
Սարգսյան․ - Բոլորը շուռ ա տվել իրանց դեմ: Պետք է նստել, հեռուստատեսության նայել, սպասել, որ վերջանան այս ընտրությունները:
«Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ բովանդակություն, ռեալություն այդ ասվածում չկա:
Սարգսյան․ - Բովանդակությունս ո՞րն ա: Հիմա ինքը կոնկրետ ոչ մի բան չի ասել:
«Ազատություն»․ - Բայց Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է զբաղվել այդ գործով:
Սարգսյան․ - Ազգային անվտանգությունը րոպեն մեկ ստեղ ա մտնում, ընտեղ ա մտնում․․․
«Ազատություն»․ - Ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի այս խոսքը:
Սարգսյան․ - Հանրապետական բրենդի տակ հավաքվածներին, ուրիշներին․․․ երևի Դավիթ Շահնազարյանին, Դաշնակցությանն էլ էր ինչ-որ ձևով ուղղված:
«Ազատություն»․ - Դա սպառնալի՞ք էր կոնկրետ ուժերին, անհատներին:
Սարգսյան․ - Նրանց սպառնաս ի՞նչ անես, ովքե՞ր են էդ մարդիկ․․․ Ես նայում եմ, տեսնում եմ․․․ ովքե՞ր են․․․ թե՛ ստեղ, թե՚ Արցախում: Մարդիկ են, որոնք արդեն գնում են, դա էն անցած Հայաստանի, հին համակարգի մնացորդներն են:
«Ազատություն»․ - Գնացողներով ինչո՞ւ պետք է ԱԱԾ-ն զբաղվի:
Սարգսյան․ - ԱԱԾ ի՞նչ պիտի զբաղվի․․․ Կկանչի, կխոսի: Նրանք էլ կասեն՝ կատակ ենք անում, կասեն՝ ընտրություններ ա, ի՞նչ եք ուզում, դուք տենց եք ասում, մենք էլ սենց ենք ասում:
Մինչդեռ «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանը պատերազմ հրահրելու և ոմանց կողմից պետական դավաճանության ուղղությամբ շարժվելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նախընտրական տրամաբանության շրջանակներում չի դիտարկում՝ հորդորելով սպասել փաստերին:
Ամեն դեպքում Նազարյանը վստահեցնում է, թե Փաշինյանի այդ հայտարարությունը չպետք է դիտարկել իբրև ընդդիմախոսներին լռեցնելու փորձ:
«Քանի որ հայտարարությունը իսկապես շատ լուրջ է, ես ճէի ուզի մտածել, որ դա քարոզչական հնարք է: Բայց լրացուցիչ հայտարարություններից զերծ կմնայի, քանի որ իսկապես պետք են փաստեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը:
«Ազատություն»․ - Նաև արդեն իսկ կարծիքներ, վերլուծություններ են հնչում, որ այս հայտարարությունը կարող է դիտարկվել որպես ճնշում ընդդիմախոսների նկատմամբ, ովքեր վերջին օրերին քննադատում են, բանակի հետ կապված որոշ հայտարարություններ են անում, Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Սա կարո՞ղ է դիտարկվել նման փորձ ընդդիմախոսներին լռեցնելու՝ իբրև սպառնալիք»
Նազարյան․ - Ոչ, իհարկե: Ընդդիմախոսներին լռեցնելու ոչ մի միտում չկա: Սպառնալու միտում էլ չկա, պետք չէ փնտրել: Եղել են, իհարկե, ի պատասխան արձագանքներ, որոնք վերաբերել են Արցախին, Արցախի անվտանգությանը: Մեր նպատակն է եղել հերքել սուտը, կեղծիքը և նենգափոխված տեղեկատվությունը:
«Ազատություն»․ - Հնարավո՞ր է լինեն, օրինակ, ձերբակալություններ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների:
Նազարյան․ - Ես գիտեմ, որ ձերբակալություն կլինի միայն Արամ Հարությունյանի հետ կապված առաջիկայում: Մյուսների հետ կապված ես, իհարկե, տեղեկություններ չունեմ:
Հավելենք, որ Ազգային անվտանգության ծառայությունից դեռևս չեն պատասխանել «Ազատության» հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հանձնարակականի շրջանակներում ԱԱԾ ինչ գործողություններ է իրականցրել և ովքեր են կանչվել հարցաքննության: