Մատչելիության հղումներ

Վաղը Ազգային ժողովում կքննարկվի Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը


14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող Հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննարկվի վաղը՝ խորհրդարանում:

Գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով։ Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն արդեն ստացել է միջնորդությունը: Վաղը մեկնարկում է խորհրդարանի քառօրյա նիստը:

Հարցին, թե ինչպե՞ս է արձակված խորհրդարանը հանրապետական պատգամավորին զրկելու անձեռնմխելիությունից, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանեց. - «Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, բայց գործում է մինչև նոր Ազգային ժողովի առաջին նիստի պահը։ Ինչ վերաբերում է միջնորդությանը, ապա, այո՛, սովորական ընթացակարգով պիտի տեղի ունենա Ազգային ժողովի նիստ, քննարկվի հարցը և կատարվի քվեարկություն»։

Մեկ այլ հարցի, որ եթե վաղն Ազգային ժողովում քվորում չլինի՞, խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանեց. - «Կստացվի, որ Ազգային ժողովի որոշումը չի ընդունվի, մինչև Ազգային ժողովի հաջորդ նիստում որոշման ընդունումը։ Հաջորդ օրն էլ կա նիստ, այսինքն՝ քառօրյա։ Չորս օր կա նիստ, որից հետո ևս մեկ քառօրյա կա, որից հետո նոր արդեն հաջորդ Ազգային ժողովը։ Կարող են լինել նաև արտահերթով։ Այսինքն՝ սովորական ընթացակարգով, ինչ-որ մինչ այժմ ցանկացած հարցի վերաբերյալ իրականացվել է»։

Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, Արամ Հարությունյանը, 2008-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

«Հույս ունեմ, որ պատգամավորները չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին»

Նիկոլ Փաշինյանն Արարատում
Նիկոլ Փաշինյանն Արարատում

Մտավախություն է հնչում, որ վաղը խորհրդարանում քվորում չի լինի, այսօր Արարատում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ չի բացառում այս տարբերակը, որովհետև խորհրդարանի մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության անդամներն են։

«Հույս ունեմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներն այդ հարցի քննարկման համար կներկայանան Ազգային ժողով, կգրանցվեն, և ես հույս ունեմ, որ չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին և արդար քննությանը։ Բայց, եթե նույնիսկ հանկարծ էդպիսի բան տեղի ունենա, մեծ հաշվով, արդեն մյուս Ազգային ժողովն այդ հարցին կանդրադառնա, և այդ հարցը կլուծվի», - նշեց Փաշինյանը։

Սահմանադրությամբ՝ պատգամավորն առանց ԱԺ-ի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին, կամ անմիջապես դրանից հետո: Արամ Հարությունյանն ինչպես բոլոր պատգամավորները, ունի դիվանագիտական անձնագիր: Պատգամավորի լիազորությունները դադարեցնելուն պես դիվանագիտական անձնագրերը հետ են վերադարձվում, հակառակ դեպքում ԱԳՆ-ն այն անվավեր է ճանաչում: Հատուկ քննչական ծառայությունից և գլխավոր դատախազությունից չպարզաբանեցին՝ արդյոք Արամ Հարությունյանը այժմ Հայաստանում է: Հարցը, համաձայն ԱԺ կանոնոնակարգ օրենքի, կարող է քննարկվել նաև նրա բացակայությամբ: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

«Հակակոռուպցիոն այս պայքարը շոու է»

Արմեն Աշոտյան, արխիվ
Արմեն Աշոտյան, արխիվ

Հանրապետական պատգամավորի կուսակից Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշել է, թե հակակոռուպցիոն այս պայքարը շոու է ու նպատակ ունի վարկաբեկելու և փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը:

«Այս միջնորդությունը զավեշտալի է այն առումով, որ Ազգային ժողովի այսօրվա կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավի մեջ է, և ես խիստ կասկածում եմ, որ քվորում կարող են հավաքել, որպեսզի բավարարեն Ազգային ժողովում ներկայացված միջնորդությունն այս փուլում։ Երրորդ զավեշտն էլ ավելի մեծ է՝ Արամ Հարությունյանը չի առաջադրվում գալիք ընտրություններին որպես թեկնածու։ Որևէ միջնորդության՝ դատախազական, որևէ Ազգային ժողովի նիստի կարիք ընդհանրապես չի լինելու իրեն կալանավորելու որոշումը կյանքի կոչելու համար։ Ո՞ւմ է պետք այս ձեր երեք կոպեկանոց նախընտրական հակաքարոզչությունը, պարոն Փաշինյան», - ասել է Աշոտյանը։

Դատախազությունը նաև հաղորդում է, որ կաշառք ստանալուց բացի՝ բավարար ապացույցներ ունի՝ Արամ Հարությունյանին հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեղադրանք առաջադրելու համար: Ըստ հաղորդագրության՝ պատգամավորը այլ երկրներում տարբեր անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ է կատարել՝ թաքցնելու համար գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք՝ այդ թվում առանձնատուն, բնակարաններ Երևանում, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր և այլն:

Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռ նախորդ ամիս էր «Ազատությանը» պատմել, որ Արամ Հարությունյանն անձամբ է իրենից կաշառք պահանջել, ինքն էլ պահանջած գումարը մաս-մաս փոխանցել է Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, նա էլ այդ գումարը փոխանցել է Հայաստանի 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին: Հայաստանի քաղաքացիներից մեկն ըստ Համբարձումյանի՝ Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանն է, որն արդեն ազատվել է աշխատանքից:

«Երբ որ ես հանքերի անունները տվեցի, ինքը ինձ ասեց, որ էս ինչ մարդը էս գումարն է տալիս, էս ինչ մարդը էս գումարն է առաջարկել, ես ասեցի քո վերջի թիվը ասա էս հանքերի վերաբերյալ, նա էլ ասաց 14 միլիոն։ Միշտ էլ համարել եմ, որ դա պատժելի է, բայց նախկին իշխանությունների հետ առնչվելու երևէ տարբերակ չկար, որևէ գործունեություն ծավալելու առանց որևէ կաշառքի, իմ նման երևի շատ մարդիկ կան, որ ստիպված կաշառքներ են տվել», - ասաց Սիլվա Համբարձումյանը։

Դատախազությունը հաղորդում է, որ այս գործի շրջանակներում արդեն 2 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG