Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետ․ Անցյալում եղած բոլոր բացասական երևույթները բացառվելու են


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում անցկացրած քարոզարաշավի ողջ ընթացքում ուղեկցում էր Սյունիքի նորանշանակ մարզպետը: Հունան Պողոսյանը ոչ մի քաղաքում Փաշինյանի հետ բեմահարթակ չբարձրացավ և հանրահավաքին հետևում էր հեռվից։

«Ազատության» հարցին, թե արդյոք վարչական ռեսուրսի չարաշահման հնարավոր մեղադրանքներն են բեմ չբարձրանալու պատճառը, մարզպետն արձագանքեց․ - «Ոչ: Ես որպես մարզպետ ուղղակի գտնվում եմ ժողովրդի հետ: Հերթական քարոզարշավն է: Եղել են այլ քաղաքական ուժեր ու կուսակցություններ, որոնց քարոզարշավի ժամանակ թե՛ պատահական, թե՛․․․ փոքրիկ քաղաքներ են, անցել եմ: Իհարկե մշտապես լինում եմ, բայց, հասկանալի պատճառներով, բեմահարթակ չեմ բարձրանում»:

«Ազատության» հաջորդ հարցին, թե ինչու, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը ներկայացնող մյուս մարզպետերի, չի առաջադրել իր թեկնածությունը ռեյտինգային ընտրացուցակներով, Հունան Պողոսյանն արձագանքեց․ - «Ես կուսակցական երբեք չեմ եղել, չեմ լինի: Դրա մասին վաղօրոք հայտնել էի: Դա է պատճառը: Ես քաղաքական մարդ չեմ»:

Քաջարանում ունեցած իր ելույթի մի մեծ հատված Փաշինյանը հատկացրեց գործարանատերերին ուղղված այն զգուշացմանը, թե անցել են այն ժամանակները, երբ գործարանատերերը քաղաքացուն կարող են ասել, թե նա ում պետք է ընտրի։

Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Փաշինյանը կոնկրետ գործարատիրոջ մասին չէր խոսում․ - «Ինչ անցյալում եղել է՝ սկսած ուղղորդումներից, ընտրակաշառք, կուտակումներ, մարդկանց հավաքել, տանել տեղամասեր․․․ էս երևույթները բոլորը բացառվելու են: Կտեսնեք, որ ամբողջ հանրապետության տարածքում բացառվելու են: Եթե լինեն էլ, կլինեն եզակի դեպքեր ինչ-որ մեկ-երկու արկածախնդիրների կողմից կատարված, որոնք որ նույնիսկ չեն էլ հասկացել, թե ինչ են կատարել: Մեզ մոտ ոչ մեկի գործոնը չկա, ոչ մի ուղղորդում չկա, ոչ մեկին ստիպել չկա: Հենց վարչապետի պահանջն էլ բոլորից դա է»:

Հարցին, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել ընտրությունից հետո, Հունանյանն արձագանքեց․ - «Ոնց կորոշեն, այնպես էլ կլինի: Ես մեծ սիրով եմ ընդունել էս առաջարկը, մեծ սիրով ու պատասխանատվությամբ ստանձնել եմ էս պաշտոնը: Շատ անկեղծ եմ․ ունենալով որոշակի փորձ, համեստ հնարավորություններ՝ հասկացա, որ սա շատ լավ հնարավորություն է ծառայելու»:

Նա հրաժարվեց խոսել ընտրություններից հետո իրեն ոստիկանապետի պաշտոնում նշանակելու մասին՝ մամուլում տեղ գտած հրապարակումների մասին․ - «Նույնիսկ ակնարկի ձևով, խնդրում եմ, էդ հարցը մի տվեք: Ուժային կառույցները ղեկավարող բոլոր անձինք այսօր իմ շատ լավ բարեկամներն են, բոլորին ես շատ հարգում եմ, ու իրենք իրենց գործը շատ լավ կատարում են»:

Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց հոկտեմբերին։ Մինչ այդ մարզը ղեկավարում էր ԲՀԿ քվոտայով նշանակված Կարեն Համբարձումյանը, ով աշխատանքից ազատվեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» դաշինքի օժանդակությամբ խորհրդարանում ընդունված օրենքի նախագիծ, որը Փաշինյանը բնութագրեց հակահեղափոխական։ 2 ամսից քիչ մարզպետի պաշտոնում աշխատած Պողոսյանը ասում է, որ արդեն հասցրել է ծանոթանալ մարզի խնդիրներին. - «Բոլորը ընկալել են խնդիրները, բոլորը լծվել են աշխատանքի, և բոլոր մարդիկ՝ իրավահարգ, օրինահարգ քաղաքացիները ոչ մի մտավախություն պիտի չունենան»:

Հոկտեմբերի 20-ին Սյունիք կատարած այցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակմանը՝ կարևորելով նրա դերը նարկո-տրաֆիկի ողնաշարը կոտրելու և օլիգարխիայի դեմ պայքարի առումով։

Հարցին, թե ինչ հաջողություններ կան այս առումով, Հունանյանն արձագանքեց․ - «Դրա մասին վարչապետը որպես պատճառներից մեկը ասեց․․․ իրավապահ համակարգը դրանով զբաղվում է: Ես, որպես մարզի պատասխանատու, այդ աշխատանքները համակարգող, կարծում եմ, կարողացել ենք բոլորի իրավագիտակցությանը հասցնել այն, որ այդ չարիքը պետք է արմատախիլ արվի: Վերջին ամիսուկեսվա ընթացքում ունեն հայտնաբերման դեպքեր, կանխարգելման դեպքեր: Ու որքանով որ հնարավոր է, լուսաբանվել է: Դա արդեն պատկան մարմինները պետք է որոշեն՝ ելնելով նախաքննության գաղտնիքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG