Մատչելիության հղումներ

«Մենք» դաշինքը բանավեճի է հրավիրում իշխանությանը


Խաչատուր Քոքոբելյանը իշխանությանը հրավիրում է «Մենք» դաշինքի հետ բանավեճի։

«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանն այսօր առաջին անգամ հայտարարեց, որ իշխանությանը հրավիրում է դեմ առ դեմ բանավեճի՝ ցանկացած հարթակում։

«Մենք» դաշինքի ծրագիրը էապես տարբերվում է բոլորից։ Օրինակ, արտաքին քաղաքականության առումով տարբերվում է բոլոր քաղաքական ուժերից առանց բացառությունների՝ այդ թվում նաև իշխանությունից։ Իսկ նրանց բոլորինը նույնն են և օգտագործելով այդ առիթը կուզենամ և հրավիրում եմ իրենց բանավեճի ցանկացած հարթակում, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա ռեալ, այլընտրանքային և գործուն մեխանիզմներ առաջարկող ծրագիր նաև լսելու և տարբերակելու։ Մենք մերը կպնդենք, թող իշխանությունը իրենցը պնդի։ Նույնը տնտեսության առումով։ Հորդորում եմ, որ իշխանությունները, լսելով սա, գան բանավեճի, և հստակ մենք ցույց տանք, օրինակ, թե ոնց ենք պատկերացնում Հայաստանում տնտեսությունն այս վիճակից հանելու գործիքները, ինչպես ենք պատկերացնում ստվերի վերացումը, ինչպես ենք պատկերացնում օրինակ մենաշնորհի վերացումը ավարտուն տեսքի հասցնելը», - ասաց Քոքոբելյանը։

Դաշինքի 2-րդ համարը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե քաղաքական շատ ուժեր խուսափում են ծրագրային բանավեճերից և անցում են կատարում անձնական բնույթի քննարկումների դաշտ․ - «Ցանկացած հարցի՝ օրինակ, տնտեսության հետ կապված, արտաքին քաղաքականության հետ կապված, կապված ստվերի հետ, կապված մենաշնորհի, որ մինչև այսօր Հայաստանում կա և գործում է, նույն մարդկանց կողմից է ներկրվում այդ ապրանքները․․․ այդ հարցերից խուսափում են շատ քաղաքական ուժեր և փորձում են անձնական դաշտ տանել։ Նաև համարում եմ, որ շատ միտումնավոր է դա արվում, որովհետև եթե ասելիք չեն ունենում և նշաձողն իջեցնում են, որպեսզի միայն անձնական բնույթի խնդիրներից խոսվի, որը մենք երբեք չենք անում։ Մենք էապես տարբերվող, ընդգրկուն, ապացուցողական մեթոդաբանության վրա հենված, բոլոր թվերը հաշվարկված և նոր մոտեցումներով հարուստ քաղաքական և տնտեսական ծրագիր ենք առաջարկելու մեր հասարակության դատին։ «Մենք» դաշինքը նույնիսկ 10 պատգամավորով Ազգային ժողովում հասնելու ենք նրան, որ Հայաստանում յուրաքանչուր օր քաղաքացին իր վրա փոփոխությունը զգա», - ընդգծեց Քոքոբելյանը։

Նա հավելեց, որ ամենակարևոր խնդիրը լուծված է․ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հեռացնել հանցագործ կլանը՝ շարունակելով. - «Մենք ինքներս միշտ պայքարել ենք փոփոխության համար, բայց այդ դափնիները Նիկոլ Փաշինյանինն և իր քաղաքական ուժինն են, բայց այսօր ռեալ քայլեր անելու ժամանակն է»։

Եթե չկա տնտեսության զարգացում, ներդրումներ, բարձր տեխնոլոգիաների ներգրավվում, Հայաստանում տնտեսությունը չի կարող զարգանալ։

Քոքոբելյանը համարում է, որ այսօրվա իշխանության թիվ մեկ և գաղափարական ընդդիմախոսը իրենց դաշինքն է։ Շարունակում է պնդել, որ Հանրապետականը չի կարող ընդդիմություն լինել․ - «Լավ կլինի, որ Հանրապետականը մերթ ընդ մերթ խորը շունչ քաշի և հիշատակի, թե ինչի է Հայաստանում մենաշնորհը առաջացել, ինչի է Հայաստանում տնտեսական հանցագործություններ եղել, մինչև այս պահը տնտեսությունը խեղդվել, քվոտավորվել, ընտրությունները կեղծվել խայտառակ ձևի, ընտրություններին գրասենյակներ բացել, որտեղ միայն փողաբաժանությամբ են զբաղվում։ Գիտեք, սրա մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Ես ընդհանրապես անցյալի մասին քիչ եմ խոսում, ես համարում եմ, որ Հանրապետականը մեր դառը անցյալն է»։

Քարոզարշավի 7-րդ օրը «Մենք» դաշինքն անցկացրեց Կենտրոնում՝ քաղաքացիներին կարկանդակներ հյուրասիրելով. - «Կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև մեր ժողովրդի հետ, դա զուտ սիմվոլիկ առումով, որպես խորհուրդ: Մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է կարկանդակի խորհուրդը»։

«Ազատության» հարցին, թե արդյոք այս կարկանդակները կարող են դիտարկվել որպես ընտրակաշառք, Քոքոբելյանը պատասխանեց. - «Բացարձակապես, որովհետև մենք, եթե տեսնում եք, մարդկանց հետ կիսում ենք։ Բացարձակ, դա որևիցե դրույթով, որևիցե կետով չի հակասում որևիցե օրենքի կետերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG