Իսրայելում այսօր ձերբակալվել են ազգությամբ արաբ 40 բժիշկներ, ատամնաբույժներ, դեղագործներ և զանազան բուժհաստատություններում աշխատող ու վերաորակավորում անցնող մասնագետներ, ովքեր բժշկական կրթություն են ստացել հայաստանյան ոչ պետական բուհերում՝ «Հայբուսակ» համալսարանում, Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում:
Ոստիկանական օպերացիան, որը կրում էր «Սպանության արտոնագիր» խորագիրը, «Յեդիոտ Ախրոնոտ» թերթի տվյալներով մեկնարկել է դեռ մեկուկես տարի առաջ։ Բոլոր բերման ենթարկվածները կասկածվում են Հայաստանի վերոհիշյալ բուհերից կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեջ։ Մի շարք բժիշկներ նույնիսկ անցել են Իսրայելի առողջապահության նախարարության վերաորակավորման և դիպլոմների հաստատման քննությունները։ Հետաքննությունը շարունակվում է:
Իսրայելի առողջապահության նախարարությունը դեռ անցյալ տարի հաղորդագրություն էր հրապարակել, հորդորելով Իսրայելի քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանում բժշկական կրթություն ստանալուց։ Այս հաղորդագրության հրապարակումից հետո մի շարք արաբ ուսանողներ ստիպված եղան դատարաններում պաշտպանել իրենց շահերն ու քննություններն ավարտելուց հետո հնարավորություն ստացան աշխատելու:
«Մինչ յուրաքանչյուր դիմումի ներկայացումը մենք դիմել ենք Իսրայելի ներքին գործերի նախարարություն, որպեսզի ստուգվեին ելքի ու մուտքի ժամկետները, ու դիպլոմների հետ միասին ներկայացրել ենք առողջապահության նախարարություն», ֊ «Ազատության» հետ զրույցում պատմեց փաստաբան Հադաս Բռավեն։ ֊ «Եթե ստուգումների ու հետաքննության արդյունքում պարզվի, որ այդ ուսանողների մի փոքր մասն իրոք կեղծ դիպլոմներ է ձեռք բերել, ապա այս դեպքերը շատ վատ կանդրադառնան այն բարեխիղճ ուսանողների վրա, որոնք իրոք սովորել են ու ստացել են լիարժեք կրթություն Հայաստանում»։
Փաստաբանը նաև կարծիք հայտնեց, որ երբ տարիներ առաջ Իսրայելի առողջապահության նախարարությունը նման կասկածներ ուներ, ապա կոնկրետ Հայաստանի բուհերի հետ պետք է կապ հաստատեր ու խնդիրները քննարկեր, այլ ոչ թե մի բողոքի հիման վրա տարիներ հետո մարդկանց ձերբակալեին ու հետաքննություն սկսեին:
Օրվա ընթացքում «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել Հայաստանի այդ երեք բուհերի ղեկավարների հետ։ Երևանի «Հայբուսակ» համալսարանից փոխանցեցին, որ ռեկտոր Սուրեն Հարությունյանն այժմ Հայաստանում չէ, մյուս բուհերում հեռախոսազանգերին չպատասխանեցին։
Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանն էլ «Ազատությանը» տրամադրած գրավոր պատասխանում հայտարարել է, որ տարածված տեղեկությունները ոչ մի աղերս չունեն Երևանի պետական բժշկական համալսարանի հետ: ֊ «Իսրայելի իրավապահ մարմինների հայտարարությունը ոչ մի կապ չունի հարյուրամյա ճանապարհ անցած ԵՊԲՀ-ի հետ: Ավելացնեմ նաև, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային ինստիտուտը ինստիտուցիոնալ հավատարմագրում է շնորհել միայն ԵՊԲՀ-ին: Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է, որ ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրերը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով և դասավանդման լեզուներով համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Հավելեմ նաև, որ վերջին վեց տարիների ընթացքում ԵՊԲՀ-ն ավարտել է տասը իսրայելցի ուսանող: Նրանց ապագա գործունեության հետ կապված որևէ բողոք, դժգոհություն բուհը չի ստացել», ֊ նաև գրել է Դանիելյանը։ ֊ «Հավելեմ նաև, որ 2017 թվականի հունիս ամսին Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն այցելեց բժշկական համալսարան և հանդիպման ընթացքում նա հայտարարեց, որ Իսրայելի ԱՆ հայտարարությունը չի վերաբերում ԵՊԲՀ-ին, այլ խոսքը մասնավոր բուհերի մասին է»։
Ի դեպ, անցյալ տարի Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ «որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց»։
Ըստ այդ հաղորդագրության, կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների։