Մատչելիության հղումներ

Թրամփը Պուտինի հետ կհանդիպի «այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի»


Արգենտինա – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողքով, առանց բարևելու նրան, Բուենոս Այրես, 30֊ը նոյեմբերի, 2018թ.
Արգենտինա – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողքով, առանց բարևելու նրան, Բուենոս Այրես, 30֊ը նոյեմբերի, 2018թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի»։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 20֊ին՝ Արգենտինայում, G20 գագաթնաժողովի ժամանակ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։

«Անկեղծ ասած` նկատի ունենալով այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում նավերի և նավաստիների հետ կապված, նման հանդիպումը ճիշտ չէր լինի», ֊ նշել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ հանդիպման մասին լրագրողի հարցին։ ֊ «Բայց ես նրա հետ կհանդիպեմ։ Ես կարծում եմ, որ մենք լավ հարաբերություններ ունենք և մենք լավ հարաբերություններ ենք ունենալու Ռուսաստանի, Չինաստանի և մյուս բոլորի հետ։ Այնպես որ, ես նրա հետ կհանդիպեմ այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի», ֊ շարունակել է ԱՄՆ նախագահը։

Հարցին, թե իր կարծիքով Պուտինն ի՞նչ ծրագրեր ունի Ուկրաինայի հետ կապված և ո՞րն էր Ռուսաստանի կողմից ուկրաինական նավերը բռնագրավելու պատճառը, Թրամփը պատասխանել է, թե չի կարող Պուտինի մտքերը կարդալ։ ֊ «Բայց բաներ կան, որ մենք ուղղակի չենք կարող հանդուրժել։ Ամեն դեպքում՝ եղել է այն, ինչ եղել է և ես պարզապես չեմ կարող ներքաշվել դրա մեջ», ֊ հավելել է Թրամփը։

ԱՄՆ֊ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը ծրագրվում էր դեկտեմբերի 1֊ին՝ Արգենտինայում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում։

Նոյեմբերի 28֊ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ կարող է չեղարկել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը և սպասում է իր օգնականների զեկույցին՝ Ազովի ծովում Ռուսաստանի կողմից ուկրաինական երեք ռազմանավերի բռնագրավվման և 24 նավաստիների գերեվարման վերաբերյալ։ Արդեն հաջորդ օրը՝ նոյեմբերի 29֊ին, Թրամփը Թվիթերում գրել էր, որ չեղյալ է հայտարարում Պուտինի հետ հանդիպումը։

Նոյեմբերի 30֊ին Կրեմլը ափսոսանք էր հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ, իսկ Պուտինը հայտարարել էր, որ «պատրաստ է իր ամերիկացի գործընկերոջ հետ շփումներին»։

Արգենտինայում G20 գագաթնաժողովի բացման ժամանակ լրագրողները արձանագրել էին, որ ԱՄՆ֊ի և Ռուսաստանի նախագահները իրար չեն ողջունել և մեկ֊մեկու ձեռք չեն սեղմել։ Պուտինը լուսանկարվելու համար պոդիումի վրա էր բարձրացել ավելի վաղ, իսկ Թրամփը պարզապես անցել էր նրա կողքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG