«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր էլ Եղեգնաձորի և Մասիսի բնակիչներին խոստացավ տնտեսական հեղափոխություն: ԲՀԿ ցուցակի առաջին համարը նախ Եղեգնաձորում ներկայացրեց Հայաստանում տիրող սոցիալական ծանր վիճակը և այն հաղթահարելու ուղիները:
Ծառուկյանը խոսեց վարկերի բարձր տոկոսադրույքներից և դրանք նվազեցնելու հնարավորությունից: Ըստ նրա՝ անլուծելի չէ նաև մատչելի պայմաններով երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը:
«Բա ձեր ցավը տանեմ, բոլորդ վարկի տակ եք։ Դրա համար էսօր մենք պետք է մտածենք, որ էդ մարդկանց հնարավորություն տանք գոնե ապրեն, գոնե նոր թափ ստանան, որ կարողանան։ Թե չէ անհնարա՝ մարդը 18-20-25 տոկոսով վարկ ա վերցրել, այսօր նա չի կարողանում դրա տակից դուրս գալ», - նշեց ԲՀԿ առաջնորդը։
Գործարար պատգամավորը մասիսցիների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ թեև Հարվարդի համալսարանը չի ավարտել, բայց իր փորձով կարող է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու լուծումներ առաջարկել: - «Ես նորից եմ ասում՝ ուզում եմ լավ լինի։ Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց իմ հիմնական պրակտիկան այնքան մեծ ա, որ երեկ նայում եմ՝ հեռուստացույցով բանավեճ ա, բա՝ հարկերը պակասացնենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ասում ա հարկերը պակասացնենք և համապատասխան՝ ճիշտ չեն բացատրում։ Պարզ ա՝ ես դոկտոր-պրոֆեսոր չեմ, բայց ոչ մեկը չկարողացավ հարցին պատասխանել։ Հարկերը հարկավոր ա պակասացնել, այո, տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը չպակասացնելու դեպքում գործարարները սնանկանում են, ժողովուրդն էլ լինում ա անգործ և նպաստ ստացող», - մեկնաբանեց Ծառուկյանը։ - «Ես անպայման ասել եմ, ասում եմ՝ անհնարին ոչինչ չկա, մեզնից ավելի ծանր պայմաններում են պետություններ եղել։ Ես, սիրելի ժողովուրդ, ասում եմ, որ որոշողը դուք եք։ Ում կհավատաք, ոնց կանեք՝ գնացեք այնպես էլ արեք»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրարշավը վաղը կշարունակի Արագածոտնի մարզում: