Մատչելիության հղումներ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի


Երեկ թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Սուրեն Շահվերդյանը:

Մոտ 20 օր առաջ Համազգային թատրոնում սկանդալային իրավիճակ ստեղծվեց՝ թատերախմբի անդամները թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանին հայտարարեցին, որ չեն ցանկանում իր հետ աշխատել, պահանջում են նրա հրաժարականը՝ հակառակ դեպքում գործադուլի դիմելու հաստատակամությամբ:

Թատերախմբի անդամների դժգոհությունը, իրենց խոսքով, անգործության պատճառով է: Վիգեն Չալդրանյանի ղեկավարման երկու տարիներին ընդամենը երկու պրեմիերա են ունեցել:

Նույնը թատերախմբի անդամները կրկնել էին նաև Մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ: Լիլիթ Մակունցը խոստացել էր զրուցել նաև Վիգեն Չալդրանյանի, հետո նոր միայն անդրադառնալ խնդրին:

Թատերախմբի անդամները համոզված էին, որ այս օրերին նախընտրական քարոզարշավի մասնակցելու նպատակով արձակուրդում գնտվող նախարարը հնարավորություն չի ունեցել կրկին հանդիպել իրենց հետ: Նրանց, սակայն, երեկ մի նոր անակնկալ էր սպասվում՝ որպես թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը Սուրեն Շահվերդյանին թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակել:

«Ազատության» դիտարկմանը, թե խնդիրը կարծես հանգուցալուծում է ստանում, Սուրեն Շահվերդյանն արձագանքեց․ - «Հանգուցալուծումը մոտ ապագայում կերևա, դեռ պարզ չի: Բայց ես կարծում եմ, որ մենք կփորձենք աշխատել թատերախմբի հետ: Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի»:

Շահվերդյանն ասաց, որ առաջարկն իրեն արել է Վիգեն Չալդրանյանը, Մշակույթի նախարարությունը տվել է իր համաձայնությունը․ - «Ես պարոն Չալդրանյանի հետ տանդեմով պատրաստվում եմ աշխատել Համազգային թատրոնում: Կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի և շատ համերաշխ»:

Հարցին, թե արդյոք թատերախումբը գոհ է իր նշանակումից, Շահվերդյանը պատասխանեց․ - «Այնտեղ խնդիրներ կան, բայց պատմությունը ցույց է տալիս, որ թատերական աշխարհում նոր ղեկավարներին սրտաբաց շատ դժվար են ընդունում: Ժամանական է ցույց տալիս: Բայց երբ որ սկսեն աշխատել, ամեն ինչ շատ լավ կլինի»:

Թատերախմբի անդամները, սակայն, չեն կիսում Սուրեն Շահվերդյանի լավատեսությունը: Ավելին՝ նրանց համար խիստ անակնկալ և անգամ վիրավորական է եղել Սուրեն Շահվերդյանի նշանակումը:

Թատրոնի անվանի դերասանուհի Նարինե Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինչպես առանց իրենց կարծիքը հաշվի առնելու երկու տարի առաջ Վիգեն Չալդրանյանին ղեկավար նշանակեցին, նույնը տեղի է ունեցել նաև երեկ․ - «Առանց ստեղծագործող մարդկանց կարծիքը հաշվի առնելու, փաստորեն էդքան բողոքից հետո երեկ առավոտյան նորից երկրորդ մարդուն են պարտադրում, նորից պատմությունը կրկնվում է․․․ Եվ կապ չունի, որ էդ մարդը փաստորեն լինելով մեր ընկերը․․․ էլի էդ ամեն ինչը գաղտնի, էլի նույն քայլն են անում: Դա է, որ վրդովեցնում ա ու զայրացնում»:

Թատերախումբը, Գրիգորյանի փոխանցմամբ, այս երեկո կխաղա վերջին ներկայացումը և դեկտեմբերի 1-ից կանցնի գործադուլի․ - «Մենք գնալու ենք մինչև վերջ»:

Գրիգորյանը պնդեց, որ թատերախմբի որոշումը միահամուռ է․ - «Նույնիսկ ես երեկ երբ ասացի՝ եթե դուք ավելի եք կողմնակից, որ Սուրենը լինի, ահավոր ջղայնացան: Թատերախումբը տարիների ընթացքում է ձևավորվում, երկար պրոցես ա: Հիմա իսկապես էս թատերախումբը արդեն հասունացել ա, հիմա պիկի շրջանն ա, գիտեք ինչեր պիտի արվեր էս թատերախմբով․․․ Էս թատրոնի հարստությունը էս թատերախումբն ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG