«Մենք»-ը պատրաստվում է լինել իրական ընդդիմություն ու 7-րդ գումարման խորհրդարանում դառնալ հակակշիռ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ընտրապայքարի 5-րդ օրը հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։
Սա ի պատասխան ՀՀԿ-ի այն հայտարարության, թե իրենք են միակ ու իրական ընդդիմությունը, իսկ մյուսները միայն գրպանային ընդդիմություն են։ Սարգսյանն ասաց՝ Հանրապետականն աղավաղված պատկերացում ունի ընդդիմության գաղափարի մասին։
«Հանրապետական կուսակցությունը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը այսօր արտաքին քաղաքական հարթակներում քվեարկում է այնպես, ինչպես իրենք են քվեարկել։ Հանրապետական կուսակցությունն ուղղակի ասում է, որ իրենց Սերժ Սարգսյանը Պուտինի հետ ավելի լավ էր, քան Նիկոլ Փաշինյանը, կամ իրենց Էդուարդ Նալբանդյանը շատ ավելի լավ հարաբերություններ ուներ Լավրովի հետ։ Էս է իրենց ասածը, էդ ես տարբերություն չեմ համարում, էդ ընդդիմություն չի, էդ ուղի չի», - նշեց Արամ Սարգսյանը։
Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նկատեց՝ նախկին իշխանությունը փորձում է ընտրապայքարը բաժանել երկու մասին ու հայտարարություններով տպավորություն ստեղծել, թե իրենցից ու «Իմ քայլից» բացի, այս դաշտում էլ ոչ ոք չկա։ Արամ Սարգսյանը, սակայն, կարծում է՝ Փաշինյանն իզուր է տրվում այդ սադրանքներին։
«Իրենք դա անում են, որ քվեները բաժանվի իրենց և «Քաղաքացիական պայմանագրի» մեջ։ Ցավոք սրտի «Քաղաքացիական պայմանագիրն» էլ դրանից զայրանում է ու սկսում է հետները վիճել։ Հանրապետականը դաշտը փորձել է բաժանել սև ու սպիտակի, իրենց նկարներն էլ են այդպիսին դրել։ Ասեմ, որ այդ նկարներից հաջողվածը միայն Արփինե Հովհաննիսյանինն է, մնացածի նկարները գոնե դպրոցների մոտից էն կողմ տանեն, էրեխեքը մեղկ են չվախենան», - ասաց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող թեկնածուն։
«Մենք» դաշինքի մաս կազմող մյուս՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն էլ վստահ է՝ իրենց պետք է ընտրեն առնվազն երկու պատճառով։ Նախ՝ գազի գինը 30 տոկոսով իջեցնելու հնարավորություն ունեն, երկրորդն էլ՝ կայուն տնտեսություն ձևավորելու տեսլական։
«Ի պատիվ վարչապետի վերացված է, ենթադրենք, քվոտավորումը բիզնես դաշտում, բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ մինչև հիմա այն 10 խոշորագույն ընկերություններն են ներմուծում այն կարևորագույն սպառման ապրանքները, որոնք անհրաժեշտ են։ Օրինակ նույն բենզինը։ Փոփոխություն եղե՞լ է ներմուծողների մեջ, հարցնում եմ ձեզ, խնդրում եմ պատասխանեք։ Ես պատասխանում եմ՝ ոչ, չի եղել։ Ծխախոտը, շաքարավազը և այսինքն բոլոր, բոլոր եկամտաբեր ուղղությունների վրա նստած են մարդիկ», - ասաց Խաչատուր Քոքբելյանը։
Նորաստեղծ դաշինքում նաև համոզված են՝ Հայաստանը պետք է ասոցացման համաձայնագիր կնքի Եվրամիության հետ։ «Մենք»-ում արևմտամետ արժեքների կողմնակից են ու գտնում են, որ ԵԱՏՄ-ով սահմանափակվելը ճիշտ չէ։
«Ներդրումներ կան Միացյալ Նահանգներում, կան Եվրոպայում։ Բելառուսը, Ռուսաստանը ներդրումների հնարավորություն չունեն, առավել ևս Ռուսաստանը հակված էլ չի մեր երկրում ներդրումներ անելու, ինքը էս երկրում պարտքի դիմաց վերցնում է այն, ինչ արժեք ունի, ինչ թանկ է․ վերցնում է գազամուղները, վերցնում է էներգոհամակարգը։ Իրեն պե՞տք է գա էստեղ մետալուրգիական գործարան սարքի, հենա որպես հումք կառնի ու կգնա։ Իսկ եթե մենք ուզում ենք ներդրում ունենալ, հետևաբար մենք պետք է ստորագրենք ասոցացման համաձայնագիրը», - ընդգծեց Արամ Սարգսյանը։