Մատչելիության հղումներ

Տեղական դիտորդների ուշադրությունից չեն վրիպել կեղծ դիտորդները


Ավելի քան 6500 տեղական և մոտ 300 միջազգային դիտորդներ մշտադիտարկելու են դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությոնները: Տեղական դիտորդների ուշադրությունից այս անգամ չեն վրիպել կեղծ դիտորդները:

Հատկապես կասկածի տեղիք են տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիտորդների մեծ կազմ ներկայացրած կազմակերպութոյւնները:

Դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը չնշեց այդ կազմակերպութոյւնների անունները՝ պատճառաբանելով, թե կոռեկտ չէ: Իսկ «Ազատության» ճշտող հարցին, թե արդյոք պարզել են, թե որ ուժի օգտին են նրանք աշխատելու, Իոաննիսյանն ասաց՝ ո՛չ ՀՀԿ-ի և ո՛չ էլ «Իմ քայլի»:

«Մենք էն կարծիքին ենք, որ այդ դիտորդները ոչ թե դիտորդություն են անելու, այլ ուղղակի տեղամասում մեկ կուսակցության լրացուցիչ վստահված անձանց դեր են տանելու», - հավելեց Իոաննիսյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական թիմի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանը փակագծերն ավելի բացեց՝ ասելով, որ իրենք փորձել են պարզել որպես դիտորդ գրանցված կազմակերպությունների անցած գործունեությունը և ուշագրավ բացահայտում են արել․ - «Մեծ մասը դիտորդական առաքելությունների․․․ հիմնականում կապը հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»:

Երկու օր առաջ հրապարակած միջանկյալ զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընդգծել էր, որ «լրատվական դաշտը թեպետ բազմազան է, բայց լրատվամիջոցներից շատերն ասոցիացվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ»: ԺՀՄԻԳ-ի զեկույցում գրված է․ - «Հանրային հեռուստաընկերությունը, որ ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ քաղաքականություն վարող: Հեռարձակվող լրատվամիջոցներից բացի, սոցիալական ցանցերը կարևոր հարթակ են տեղեկատվություն տարածելու համար: Որոշ զրուցակիցներ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներին ասել են, թե բարելավում են նկատել, սակայն ընդգծել են, որ նոր կառավարության, մասնավորապես վարչապետի նկատմամբ քննադատության հանդեպ անհանդուրժողականություն կա»:

Դիտորդական առաքելություն իրականցող Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը չի կիսում միջազգային դիտորդների այս կարծիքը․ - «Ես տեսնում եմ բավականին շատ քննադատություն: Եվ ընդհանրապես նաև մեր մշտադիտարկումը ցույց է տալիս, որ ամենաշատ քանակը բացասական անդրադարձների ունեն հենց հանրապետականները և «Իմ քայլը»: Այսինքն այդ առումով չի կարելի ասել, որ իշխանությունը քննադատությունից դուրս է: Եվ կաշկանդվածություն լրատվամիջոցների աշխատանքում չեմ տեսնում»:

ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները մտահոգություններ են լսել օնլայն տիրույթում անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության մասին:

Տեղական դիտորդները փոքր-ինչ չափազանցված են համարում այս ձևակերպումը:

Դանիել Իոաննիսյան․ - «Ըստ էության, որոշակի առումով անհանդուրժողականություն կա: Եվ այդ անհանդուրժողականությունը քարոզարշավի ժամանակ չէ, որ սկսվել է և գերակշռապես պայմանավորված է վարչապետի հա՛մ բարձր հեղինակությամբ, և շատ մարդիկ, ովքեր որ սատարում են վարչապետին, հանդուժող չեն իրենց մեկնաբանություններում, իրենց հրապարակումներում»:

Բորիս Նավասարդյան․ - «Անհանդուրժողականությունն էլ չի արգելվում օրենսդրությամբ: Այնպես որ, եթե կան բևեռացված կարծիքներ և որոշ մոտեցումների նկատմամբ անհանդուրժողականություն, դա արտացոլում է ընդամենը մեր քաղաքական պայքարի առանձնահատկությունները, և արհեստական կլիներ, եթե ինչ-որ փորձեր արվեին դա սահմանափակել»:

Արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին, այդուհանդերձ, ըստ միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցի, արգելված չէ ավելի վաղ շրջանում քարոզչություն իրականացնել:

Նշենք, որ Հայաստանի նախկին իշխող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ:

Ուշագրավ է, որ տեղական դիտորդներից վարչական ռեսուրսի չարաշման վերաբերյալ ևս մտահոգոթյուններ են հնչում:

«Վարչական ռեսուրսի մասով ասեմ, որ խնդիրները բավականին շատ են, ու մեր խնդիրը այս պահի դրությամբ նաև մամուլի կամ աղբյուրների կողմից ստացված տեղեկատվության ճշգրտումն է, որպեսզի մենք կարողանան հաստատենք կամ հերքենք հրապարակված հնարավոր վարչական ռեսուրսների չարաշահման մասին, խախտումների մասին հաղորդումները», - ասաց Ալեքսեյ Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG