Մատչելիության հղումներ

Փայլան․ Մամուլի ազատության հարցում Թուրքիան մութ ժամանակներ է ապրում


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երևանում, արխիվ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երևանում, արխիվ

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել է երկրում մամուլի ազատության վիճակի մասին:

Ելույթում, որը Փայլանը հրապարակել է իր թվիթերյան էջում, նա նշել է, որ մամուլի ազատության հարցում Թուրքիան մութ ժամանակներ է ապրում:

Թվարկելով թուրքական «Սաբահ», «Սթար», «Յենի Շաֆաք», «Աքշամ», «Միլիյեթ», «Հյուրիյեթ» «Թյուրքիյե» «Աքիթ» պարբերականները՝ Փայլանը դրանք իշխանության խոսափողներ է անվանել:

«Մամուլի համար երկու ճանապարհ կա՝ կա՛մ պետք է փառաբանի սուլթանին, կա՛մ լինի ազատ: Սակայն ազատությունը իր գինն ունի՝ ձերբակալություններ, ճնշում, սահմանափակումներ», - ընդգծել է թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորը:

Նա իշխանություններին մեղադրել է մամուլի ազատությունը սահմանափակելու համար՝ պնդելով, թե այդպիսով նրանք ուզում են, որ մարդիկ չկարդան, չքննադատեն, հարցեր չբարձրացնեն:

Փայլանը համոզմունք է հայտնել, որ իշխանությունների նման գործելակերպը հենց իրենց է վնասում: «Ցանկացած ուժ, որը չի քննադատվում, սխալներ է գործում: Թողեք ազատ մամուլը ձեզ քննադատի, մենք էլ, դուք էլ ավելի քիչ սխալներ անենք», - հայտարարել է հայազգի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG