Երեկ Փաշինյանը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին հորդորել էր կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին, ովքեր պարբերաբար մեկնաբանություններ են անում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ:
Ղարաբաղի մի շարք պաշտոնատար անձինք սուր քննադատության էին ենթարակել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանին այն հայտարարության համար, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան պատերազմը: Միքայելյանին հակադարձել էին Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի տեղեկատավական վարչության պետ Սենոր Հասրաթյանը, Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, Ղարաբաղի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, ով ներկայումս Բակո Սահակյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն է:
Այս արձագանքներից բացի, Ղարաբաղից նաև մեկնաբանություններ էին հնչել Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Ղարաբաղում։
Ի պատասխան բոլոր այս հայտարարությունների Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արցախի պաշտոնյաներին զբաղվել իրենց գործով․ - «Ինչի՞ են փորձում խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ և էդ հարցերը անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրանց ուղարկի իրանց աշխատանքով զբաղվելու: Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս: Այ քեզ բա՜ն: Սթափվե՛ք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով»:
Մինչ պաշտոնական Ստեփանակերտը լռում է, Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը փակագծեր է բացում՝ ընդգծելով, որ չնայած հենց Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ Բակո Սահակյանին հաջողվեց մնալ իշխանության ղեկին, սակայն այսօր Սահակյանը աշխատում է Փաշինյանի դեմ:
«Բակո Սահակյանի մոտ մի նեղ թիմ է ձևավորվել, որը էսօրվա Հայաստանի իշխանություններին ուղղակի հարվածում է: Եվ դա կատարվում է կազմակերպված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խանումյանը:
«Ազատություն»․ - Ովքե՞ր են այդ թիմում:
Խանումյան․ - Բակո Սահակյանը, Արշավիր Ղարամյանը, ուժայինների նախկին ղեկավարները, Լյովա Մնացականյանը՝ Պաշտպանության բանակի հրամանատարը․․․ մարդիկ, որոնք նախկինում քաղաքական հայտարարություններ չէին անում, մարդիկ, ովքեր նախկինում, երբ որ Սերժ Սարգսյանը գալիս էր և ասում էր, որ տարածք պիտի հանձնենք, ամեն օր հայտարարություններ էին անում Հանրապետական տարբեր պաշտոնյաներ՝ խորհրդարանական ղեկավարներ, կուսակցության ղեկավարներ, ամեն օր տարածք հանձնելուց խոսում էին: Եվ էս մարդիկ առիթ էին փնտրում ուղղակի գլխիկոր Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու, հիմա էս մարդիկ դարձել են չգիտեմ ինչի պաշտպաններ: Առաջին անգամ Հայաստանում ունենք մի իշխանություն, որը տարածք հանձնելուց չի խոսում:
«Ազատություն»․ - Ինչո՞վ եք դուք բացատրում, որ Բակո Սահակյանը հանկարծ փորձում է հարվածներ հասցնել Փաշինյանին: Ո՞րն է պատճառը:
Խանումյան․ - Բակո Սահակյանը ակնհայտորեն Սերժ Սարգսյանի թիմակիցն է և ակնհայտորեն իրականացնում էր այն նույն քաղաքականությունը, ինչ որ Սերժ Սարգսյանը Հայաստանում: Էդ նույն կոռուպցիան, թալանը և այլն, ավելի բարձր մակարդակով տեղի էր ունենում Արցախում: Եվ հիմա էս մարդիկ զրկվել են թալանելու իրենց իրավունքից: Եվ հիմա ամեն կերպ փորձում են թալանելու իրենց իրավունքը վերականգնել: Իսկ թալանելու իրենց իրավունքը կարող են վերականգնել, եթե Հայաստանում թուլանա: Եվ էս շանտաժները՝ ուղղված Հայաստանի իշխանությունների դեմ, հենց իրենց թալանելու իրավունքը վերականգնելու համար է արվում»: