Մատչելիության հղումներ

«Այլևս երբեք Հայաստանի քաղաքացու «վրայով ավտոներ չեն քշելու». Նիկոլ Փաշինյան


Այլևս երբեք Հայաստանի քաղաքացու ձայնը չի կեղծվելու, այլևս երբեք Հայաստանի քաղաքացին իր հայրենիքում իրեն օտարված չի զգալու, այլևս երբեք Հայաստանի քաղաքացու «վրայով ավտոներ չեն քշելու», այլևս երբեք լկտիություն չի լինելու, այսօր Հրազդանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

«Մենք սանտիմետր առ սանտիմետր, քառակուսի առ քառակուսի մետր Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելու ենք և դարձնելու ենք իրոք հզոր և երջանիկ երկիր», - ասաց Փաշինյանը։

Նա թվարկեց այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այս վեց ամիսների ընթացքում։

«20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը՝ սոցիալապես անապահով խմբերի համար՝ որոշակի չափաքանակներով, խմելու ջուրը Հայաստանում չի թանկացել, դեկտեմբերին պետք է թանկանար, մինչև 2024 թիվը չի թանկանալու։ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում։ 85 հազար մարդու թոշակը և նպաստը կավելանա հունվարի 1-ից։ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիպոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի՝ 5 տոկոսով երկրորդային շուկայից հիպոթեքային վարկ պետք է վերցնեն, և վերջին 7 ամսվա ընթացքում ընդհանրապես հիպոթեքային վարկերի տոկոսը բոլորի համար մեկուկես տոկոսով նվազել է», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Ըստ Փաշինյանի, ողջ հանրապետությունում բարձրացել են անշարժ գույքի գները։

«Սա նշանակում է, որ շուկայում աշխուժություն է մտել, և մարդիկ իրենց տներում նստած էդ բնակարանի գնի չափով իրենց կարողությունն ավելացել է։ 125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է՝ երաշխավորներ և վարկառուներ։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր գտնվում էին «սև ցուցակում» վարկերի, 125 հազար մարդ օգոստոսից նորից վերադարձել է «սպիտակ ցուցակ», այսինքն՝ հիմա կարող են վարկեր վերցնել։ Երկրորդ երեխայի միանվագ ծննդի համար նպաստը եռապատկվել է։ 38 հազար աշխատող ստվերից տեղափոխվել է լեգալ դաշտ։ Վերացել են տնտեսական մենաշնորհները։ Քրեակատարողական հիմնարկում գերբեռնվածության խնդիրը լուծվել է, երթևեկության կանոնների տուգանքների համաներում է տեղի ունեցել 150 հազար մարդու նկատմամբ, որի արդյունքում 13 միլիարդ դրամ ներվել է մարդկանց։ Սրտի ստենտավորման գները նվազել են 250 հազար դրամով։ 2019 թվականից 200 հազար քաղաքացիներ առողջապահությունից կօգտվեն սոցիալական փաթեթով, այսինքն՝ անվճար, երկրում վերացել է համակարգային կոռուպցիան, մանր կոռուպցիա առանձին դեպքերում կա, բայց ըստ էության վերացել է», - հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց՝ երբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից։

«Երկրում ընտրությունները չեն կեղծվում՝ առաջին անգամ վերջին 24 տարվա ընթացքում, երկրում չկան քաղբանտարկյալներ։ Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին ջարդուփշուր են անում, այլ մասնակցում են երկրի պետական սահմանների պահպանությանը։ Այս պահի դրությամբ Հայաստանում ունենք ներգաղթ՝ արտագաղթի փոխարեն։ Լարվածությունը սահմանին ընկել է աննախադեպ ցածր մակարդակի վրա։ Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։ Քննչական մարմինները գործում են անկաշկանդ։ Այս ցանկը կարելի է շարունակել։ Վեց ամիսն այս ամենի համար շա՞տ է, թե՞ քիչ է», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր այն խնդիրները, որ իր կառավարության առաջ դրված են եղել, լուծվել են։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ համոզված է, որ իրենք կլինեն լավ և արդյունավետ կառավարություն։

«Բայց մարդ ես, որ պահին, որ ընտրություններում դուք կորոշեք, որ մենք չպետք է լինենք կառավարություն, մենք երբեք ձեր մի քվեն անգամ չենք կեղծելու՝ մեր իշխանությունը պահելու համար։ Գոհ կլինեք մեզանից, քվեարկեք, և մենք կծառայենք ձեր օգտին, դժգոհ կլինեք մեզանից և չեք քվեարկի, մենք մեր չարածների համար ներողություն կխնդրենք և լուռ կհեռանանք, իշխանությունը կզիջենք այն քաղաքական ուժին, որը կարժանանա ձեր վստահությանը։ Սա է ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ այս փոփոխությունը պետք է դարձնել անշրջելի։

Ամփոփելով քարոզարշավի առաջին օրերը՝ Փաշինյանն ասաց. - «Քարոզարշավի առաջին օրերին ինչ ասես գրում էին, իրենց ֆեյքերը՝ «վայ ժողովուրդը սենց», «ժողովուրդը նենց», «ժողովուրդը հիասթափվել է», «ժողովուրդը երազում է հանրապետականների և մյուսների վերադարձի մասին»։ Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG