Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը հիմա սեփականատեր է, որը նորից փորձում է դառնալ օլիգարխ. ՔՈ անդամ


«Քաղաքացու որոշում» կուսակցությունը կարծում է, որ պետք է կիրառել մեխանիզմներ, որպեսզի տնտեսական հանցագործություն կատարած մարդկանց նկատմամբ համաներում կիրառվի՝ որոշակի փոխհատուցման դիմաց, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց կուսակցության անդամ Կարեն Հարությունյանը։

«Ազատություն». - Եթե Հայաստանում հաստատվում են սոցիալ-դեմոկրատական կարգերը, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդ հասարակությունում ո՞վ է՝ գործարա՞ր է, սեփականատե՞ր է, օլիգա՞րխ է։

Հարությունյան. - Գագիկ Ծառուկյանը լինելու է գործարար, որը չի խառնվելու քաղաքականության մեջ։ Մենք նաև մեր ծրագրում ունենք անցումային արդարադատության վերաբերյալ դրույթներ, որտեղ մենք կարծում ենք, որ այսքան ժամանակ քանի որ եղել է ոչ սահմանադրական կարգ, եղել են ինչ-որ հանցավոր պայմանավորվածություններ, մոնոպոլիաներ և այլն ու որոշ մարդիկ դրանից օգտվելով կուտակել են հարստություններ՝ ունեզրկելով շատ շատերին, պետք է կիրառել մեխանիզմներ, որպեսզի տնտեսական հանցագործություն կատարած մարդկանց նկատմամբ համաներում կիրառվի որոշակի փոխհատուցման դիմաց՝ պատճառած վնասը փոխհատուցելու դիմաց։

«Ազատություն». - Հիմա Գագիկ Ծառուկյանը օլիգա՞րխ է, թե՞՝ սեփականատեր։

Հարությունյան. - Հիմա Գագիկ Ծառուկյանը սեփականատեր է անցումային էս փուլում, բայց որը նորից փորձում է դառնալ օլիգարխ։

«Ազատություն». - Եթե կառավարության մաս կազմի, իսկ եթե ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինի, ոչի՞նչ։

Հարությունյան. - Կապ չունի, եթե մարդ մտնում է քաղաքականության մեջ, ունի քաղաքականության վրա ազդեցություն: Այն ժամանակվա օլիգարխն ուրիշ էր, հիմա էլ կլինի մի քիչ ուրիշ ձև, բայց էլի ի՞նչ է նա անում՝ ներկայացնում է իր խոշոր կապիտալի շահերն Ազգային ժողովում։ Պարզ է, որ չի կարող էդ մարդն, ու ընդհանրապես էդ կուսակցությունում հավաքված մարդիկ են իր շահերը սպասարկող, ինքը չի կարող իր շահերին դեմ ինչ-որ բան ընդունել։ Պետք է նենց անել, որ նույնիսկ իմաստ չունենա էդ մարդկանց համար մտնել քաղաքականության մեջ, այսինքն՝ ինքն իր սեփականության կամ իր գործունեության համար չմտածի, որ դա կարող է վտանգված լինել, որ դրա համար անպայման պետք է իշխանության մաս դառնալ կամ մտնել Ազգային ժողով։

«Ազատություն». - Դուք ՀՀԿ-ի ամենակոշտ քննադատներից էիք, հիմա ինչպե՞ս եք գնահատում իրենց հայտը՝ լինել ընդդիմադիր լայն բևեռ։

Հարությունյան. - ՀՀԿ-ն ընդհանրապես աբսուրդ է, որ մասնակցում է այս ընտրություններին, որովհետև մի կուսակցություն, որը տարիներ շարունակ հանցագործություններ է կատարել՝ թե՛ տնտեսական, թե՛ ընտրական՝ ընտրակաշառքներ, ընտրություններ կեղծել, իշխանության ուզուրպացի, նման ուժը պետք է ուղղակի արգելվեր։ Նրանք փորձում են ընտրություններին մասնակցելով և քննադատելով վերակենդանացնել էդ հնի հնարավորությունը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG