Մատչելիության հղումներ

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Դավիթ Տոնոյան


Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյան, արխիվ
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, հանդիպման ընթացքում Կարեն Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով, կրկին նշել են, որ 2004-2006թթ. պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կարեն Ղազարյանը երբևէ չի ծառայել Հայաստանի զինված ուժերում:

Դավիթ Տոնոյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ։

Դավիթ Տոնոյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում։

Նշենք, որ նոյեմբերի սկզբին Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը պնդել էր, թե դեռ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմից հետո, դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և առաջարկել փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Երևանը, մինչդեռ, պնդում է, որ գերիների փոխանակման մասին պաշտոնական որևէ առաջարկ Բաքվից չի ստացել։ Միևնույն ժամանակ Երևանն ու Ստեփանակերտը հայտարարել են, որ մերժում են «բոլորը բոլորի դիմաց» տարբերակը, քանի որ այժմ հայկական կողմում գտնվող ադրբեջանցիները ոչ թե ռազմագերիներ են, այլ՝ հանցագործության համար դատապարտված անձինք:

Օրերս Նոյեմբերյանում հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Կարեն Ղազարյանի ծնողների հետ:

Ավելի ուշ՝ արդեն «Ազատության» հետ զրույցում, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ծնողների հետ զրույցում ասել է այն, ինչ մինչ այդ հրապարակային իր ելույթներում էր ասել՝ նպատակահարմար չի համարում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով Կարեն Ղազարյանին փոխանակել հայկական կողմում, ավելի հստակ՝ Արցախում գտնվող ադրբեջանցիների հետ, ովքեր դատապարտված են ազգությամբ հայ քաղաքացիների սպանության գործով: - «Ես նաև ներողություն եմ խնդրել, որ մինչև հիմա մեր ջանքերը արդյունավետ չեն եղել», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG