Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
«Ընդունեք, խնդրեմ, ջերմագին շնորհավորանքներս եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր՝ որպես Վրաստանի առաջին կին նախագահի ընտրությունը, հիրավի, պատմական իրադարձություն է, և ես ի սրտե մաղթում եմ, որ Ձեր պաշտոնավարումը Վրաստանի պատմության մեջ նշանավորվի շարունակական վերելքով և բարօրությամբ», - ասված է Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը տարածել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հավատացած է նաև, որ Հայաստանի և Վրաստանի՝ դարավոր բարիդրացիության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել՝ փոխադարձ վստահության և փոխըմբռնման մթնոլորտում՝ շարունակելով. - «Կընդլայնենք երկկողմ օրակարգը բազմաբովանդակ նոր ծրագրերով՝ մեր ժողովուրդների բարեկամության ողջ ներուժը ծառայեցնելով Հայաստանի և Վրաստանի առաջընթացին: Ձեզ հետ մոտալուտ հանդիպման և հավակնոտ գործընկերություն զարգացնելու ակնկալիքով՝ Ձեզ եմ հղում հարգանքներիս խորին հավաստիքը»: