Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն ավարտվեց։ «Իմ քայլի» ընտրական երթուղին անցավ Ճամբարակով, եղան Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում։
Նիկոլ Փաշինյանը խոսեց տնտեսական հեղափոխության մասին, ևս մեկ անգամ շեշտեց, որ լինելու են վարկային և հարկային արտոնություններ, մինչև 20-24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսը ազատվելու է հարկից, իսկ վարկերի տոկոսադրույքները նվազեցվելու են։
«Ես համարում եմ, որ աղքատությունը ամոթ է, առավել ևս այս աստիճանի աղքատությունը ամոթ է և խարան է մեր երկրի և մեր ճակատին, մեր երեսին։ Եվ առաջիկա 5 տարիների ընթացքում, երբ որ խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, մենք երկու փուլ ենք պատկերացնում», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ծայրահեղ աղքատությունը Հայաստանից վերացնելու համար նրանք կատարել են ամենակարևոր քայլը. - «85 հազար նպաստառուի և թոշակառուի, ում թոշակը պարենային գծից ներքև է, չի հերիքում գոնե մի ամսվա հացի և պանրի փողը, մենք այդ մարդկանց թոշակները միանգամից 10 հազար դրամով ավելացել ենք, որպեսզի նրանց թոշակը դառնա գոնե պարենային գծից վերև, և մենք համոզված լինենք, որ մեր էդ թոշակառուները, նպաստառուները, որոնք հաշմանդամություն ունեցող մարդիկ են, սովահար չեն լինելու»։
«Փուլ առ փուլ այս ճանապարհով մենք գնալու ենք, բայց էդ հարցերը ոնց է հնարավոր լուծել, ժողովուրդ ջան․․․ միայն և միայն աշխատանքով: Եվ ես հավատում եմ մեր ազգային հավաքական աշխատասիրությանը, ես հավատում եմ, որ մենք ստեղծող ժողովուրդ ենք, աշխատող ժողովուրդ ենք: Եվ մենք անպայման մեր երկիրը հանելու ենք աղքատության այս փոսից, աղքատության այս ճիրաններից», - հավելեց նա։
Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև ներքաղաքական կյանքին։ Նա խոսեց շահարկումների վերաբերյալ իր հայտարարության մասին։ Բանն այն է, որ վարչապետի պաշտոնակատարը ասել էր, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Արցախում։ Դրանից հետո եղան մեկնաբանություններ, թե Ռոբերտ Քոչարյանի որդիները նույնպես ծառայել են։ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, որ նրանք ծառայել են Երևանում և ծառայության ընթացքում գեթ մեկ օր չեն անցկացրել զորամասում։
Նա ասաց, որ նրանց ծառայության վերաբերյալ ունի փաստեր․ - «Ասում են՝ վայ էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի որդիները.... Ի՞նչ Ռոբերտ Քոչարյանի որդիները։ Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, և հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են Պաշտպանության նախարարության վարչական մասում․․․ Մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ, որտեղ ուզեցել է գնացել է՝ պետության բենզինի հաշվին, ավտոյի հաշվին։ Էդ ինչի՞ եք տենց ոգևորվել, որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում»։
Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ նաև Արցախի իշխանությունների պահվածքին։ Նա ասաց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ակտիվացել են և մեկնաբանություններ են անում, այդ թվում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակը։ Փաշինյանը սթափության կոչեր արեց և հորդորեց, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ապա նշեց, որ այս թեմայով խոսելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
«Ես ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորոհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրը մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։ Այ քեզ բա՜ն։ Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե, այն, ինչը որ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց՝ ընտրություններից հետո», - ընդգծեց Փաշինյանը։
Գեղարքունիքի մարզում, որտեղ ի դեպ, շատ են այն բնակիչները, որոնք արտագնա աշխատանքով են իրենց եկամուտներն ապահովում, վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ կեղծ էին վերջին տեղեկությունները, որ իրենք պատրաստվում են արտագնա աշխատանքով ստացված եկամուտները հարկել։
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կշարունակի Կոտայքի մարզում։