«Ազատություն»․ - Պարոն Ռուստամյան, ի տարբերություն այն ուժերի, որոնք հայտարարում են, թե հավակնում են ապագա խորհրդարանում լինել երկրորդ ուժը, Դաշնակցությունը հայտարարեց, որ ընտրապայքարին մասնակցում է հաղթելու նպատակով: Դեռևս կա՞ այդ վճռականությունը:
Արմեն Ռուստամյան․ - Մենք ասել ենք, որ մենք այս ընտրությունների արդյունքներով չէ, որ պայմանավորում ենք մեր գործողությունների ընթացքը: Մենք վստահ ենք, որ ամեն պարագայում այն խնդիրները, որի մասին ես խոսում եմ, և այն պրոբլեմները, որ մենք ունենք՝ ներքին թե արտաքին, դրանց լուծման մեջ Դաշնակցությունը ունի իր ուրույն դերակատարությունը: Եվ մենք սրան ենք պատրաստվում: Մենք մտածում ենք, որ պետք է իսկապես ամեն ինչ անել, որպեսզի մեր այս նոր փոփոխությունները, որոնք մարդկանց մեջ հույս են արթնացրել, ապագայի առումով են մեծ հույս արթնացրել, դրանք չմարեն: Սա է գլխավոր մեր անելիքը: Մենք չենք լինի, կլինեն, ինչ չափով կլինենք՝ սա չի փոխելու հարցերի վիճակը: Մենք էս պրոբլեմները պիտի կարողանանք լուծել: Դրա համար Դաշնակցությունը իր դերակատարությունը տեսնում է ցանկացած պարագայում:
«Ազատություն»․ - Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման, քաղաքացիների 67 տոկոսը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլի» օգտին, 10 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի», 9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 3-ը՝ «Սասնա ծռերի», 2-ը՝ Հանրապետականի և 2-ը՝ Դաշնակցության: Այսինքն, ըստ այս հարցման Դաշնակցությունը անցողիկ շեմը չի հաղթահարելու: Այս պարագայում դուք ի՞նչ եք մտադիր անել:
Արմեն Ռուստամյան․ - Երանի էդ տոկոսները նշանակեին, որ հենց էդ տոկոսով էլ իրենք ունակ են հարցերը լուծել: Իրականում կարող է ճիշտ հակառակը լինել: Ասում ա՝ լավից միշտ քիչ ա լինում: Իրականում կարող ա հենց մենք այսպես թվերի մեջ խորտակենք էն հիմնական հարցը, որը իսկապես լուծողները էդ առումով չներգրավվեն և չունենան էն հնարավորությունը, որ էդ հարցերը լուծեն: Էդ տոկոսներով չի, որ իմ նշած խնդիրները լուծվելու են: Եթե մարդկանց թվում է, թե մենակ Ազգային ժողովում ինչ-որ հարաբերակցություն, մանավանդ էդպիսի հարաբերակցություն ունենալով խնդիրները կլուծվեն, թող լուծեն, թող չուզողը մենք լինենք: Այո, ակնհայտ է, որ ֆավորիտ է մեկ քաղաքական ուժ, թե ինչ տոկոսով կարձանագրվի այդ փաստը, դա այլ հարց է: Բայց ակնհայտ է նաև այն, որ մենք պետք է իսկապես ունենանք հավասարակշռված, բալանսավորված իշխանություն: Եվ դրա համար բավական նախադրյալներ ստեղծվել են, որ Ազգային ժողովը չդառնա կցորդը կառավարության, այլ կարողանա հակակշռել և զսպել, որովհետև մենք խորհրդարանական համակարգի մեջ ենք, և այդտեղ Դաշնակցության դերը ուղղակի անփոխարինելի է: Խորհրդարանում կլինի, թե որևէ տեղ կլինի՝ մեր մասնակցությունը լինելու է անմիջական և լուրջ: Ես ասել եմ ու նորից եմ ուզում կրկնել, որ երբ նեղն են ընկնում, միշտ Դաշնակցության դուռն են գալիս: Դա եղել է պատմության մեջ բազմաթիվ անգամ, և էդ բանը նորից կարող է կրկնվել: Հենց իշխանությունները․․․ հենց տեսնում են, որ փակուղային վիճակ է, ծանր վիճակ է, գալիս են հարցում են՝ ի՞նչ անենք: Էն մարդուն են հարցնում, էն քաղաքական ուժին, որը էդ փորձառությունն ունի: