Ամերիկայի Հայ դատը ողջունում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Ըրլ Լիթցենբերգի թեկնածության քվեարկությունը հետաձգելու՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը:
Լիթցենբերգը Միացյալ Նահանգների դեսպանների պաշտոնում Թրամփի առաջարկած 19 թեկնածուներից միակն է, որի հաստատումը Սենատի հանձնաժողովը որոշել է հետաձգել:
Ամերիկայի Հայ դատը ենթադրում է, որ քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա արդեն 2019 թվականին, երբ հանձնաժողովը կգումարի իր առաջին աշխատանքային նիստը:
«Մենք հավանություն ենք տալիս հանձնաժողովի որոշմանը, քանի որ այն Կոնգրեսին ընձեռում է Ադրբեջանի ագրեսիվ ղեկավար Իլհամ Ալիևի ռեժիմի հետ մեր երկրի երկկողմ հարաբերությունները առավել խորը վերլուծելու հնարավորություն, հատկապես Բաքվին զենք վաճառելու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վիճահարույց առաջարկի ենթատեքստում», - հայտարարել է Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա փոխանցմամբ, Հայ դատը միանում է Սենատում իր բարեկամներին, ովքեր առավել պարզություն են ակնկալում այս հարցում և ընդհանրապես ցանկանում են հստակ պատկերացնել ԱՄՆ-ի հարաբերությունները «Ալիևի ռեժիմի հետ, որը Հայաստանի և Արցախի նկատմամբ դիմում է օրըստօրե առավել ագրեսիվ գործողությունների, բոլոր հայերի հանդեպ ատելություն է քարոզում, ամերիկացի օրենսդիրներին ընդգրկում է «սև ցուցակներում», մերժում է Ռոյսի և Էնգելի խաղաղության առաջարկները, սպառնում է վայր գցել քաղաքացիական օդանավերը, ոչնչացնում է Ջուղայի գերեզմանոցը և քրիստոնեական այլ հիշարժան վայրեր և, իհարկե, հալածում է ներքին այլախոհներին և ազգային փոքրամասնություններին»:
Դեռ հոկտեմբերի 4-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում Նյու Ջերսիից ավագ սենատոր, դեմոկրատական Բոբ Մենենդեզը Լիթցենբերգին հարց է ուղղել «նախագահ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության և ագրեսիվ պոռթկումների» մասին, հասնելով այն բանին, որ դեսպանի թեկնածուն խոստացել է «հորդորել Ադրբեջանի կառավարությանը հրաժարվել շփման գծում իրավիճակի կայունությանը սպառնացող վտանգավոր կեցվածքից»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները պետք է կրճատի անվտանգության ասպարեզում օգնությունն Ադրբեջանին, ելնելով այդ երկրում մարդու իրավունքները ոտնահարելու հանգամանքից, դեսպանի թեկնածուն խոստացել է, թե «ԱՄՆ պետական դեպարտամենտը շատ զգույշ կլինի և ամեն ինչ կանի, որ անվտանգության հարցում Ադրբեջանին ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը որևէ կերպ վնաս չհասցնի Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու ջանքերին»:
Թեկնածուն հավաստիացրել է, որ անվտանգության ասպարեզում օգնությունն Ադրբեջանին կներառի հատուկ դասընթացներ նաև մարդու իրավունքների թեմայով:
Ըստ Հայ դատի, դա հրատապ է հատկապես եթե հաշվի առնել, որ տարիներ առաջ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի հանրակացարանում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել է իր հայ համակուրսեցի, սպա Գուրգեն Մարգարյանին:
Այդ լսումներից հետո սենատորներ Բոբ Մենենդեզը և Էդ Մարքին նաև գրավոր հարցեր են ուղղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ըրլ Լիթցենբերգին և կարող են կազմել նոր հարցեր՝ այդ թվում հոկտեմբերին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանին և Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու Ջոն Բոլթոնի առաջարկների կապակցությամբ: