Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է Սալոմե Զուրաբիշվիլին


Վրաստանի հինգերորդ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է: Նախկին արտգործնախարար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլիի հաղթանակի մասին պաշտոնապես հայտնի դարձավ այսօր առավոտյան:

«Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների համաձայն, թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է քվեների 40,46 իսկ Սալոմե Զուրաբիշվիլին` 59,54 տոկոսը», - այսօր վաղ առավոտյան հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միկելաձեն:

Զուրաբիշվիլիի հաղթանակի մասին էին վկայում նաև միմյանցից անկախ անցկացված երկու էքզիթ փոլերը` տեղամասերի մոտ անցկացված ընտրողների հարցումները: Դրանցից մեկը պատվիրել էր ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, մյուսը` իշխանության թեկնածուին իր աջակցությունը հայտնած «Իմեդի» հեռուստաընկերությունը: Էքզիթ փոլերի արդյունքները հրապարակվեցին քվեարկության ավարտից քիչ անց: Դրանից հետո թեկնածուների շտաբերում տրամագծորեն հակառակ տրամադրություններ էին տիրում:

«Այսօր մենք վերջնականապես և հստակորեն մերժեցինք անցյալը: Մեր ընտրությունը խաղաղ Վրաստանն է, ազատ մի պետություն, որտեղ քաղաքացիները օժտված են հավասար իրավունքներով», - հայտարարել է ՍալոմեԶուրաբիշվիլին:

Կեսգիշերին մոտ հայտարարությամբ է հանդես եկել նաև իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Վրաստանի ամենահարուստ գործարարի տրամադրությունն ակնհայտորեն բարձր էր․ - «Մեր հասարակությունը ի ցույց դրեց իր հասունությունը: Մեր համաքաղաքացիները նաև հասկացան, որ իրենց ձեռքում հստակ լծակներ կան, և շատ ադեկվատ ընտրություն կատարեցին թե՛ առաջին և թե՛ երկրորդ փուլում»:

Պարտված թեկնածու Գրիգոլ Վաշաձեի կողմնակիցները պնդում են, թե «Վրացական երազանքը» հաղթանակի հասավ նախևառաջ ընտրողների համատարած կաշառման և քրեական աշխարհի հետ կնքած դաշինքի շնորհիվ:

«Սա խայտառակություն էր: Մենք այսպես կոչված կառավարության խայտառակության ականատեսը դարձանք: Իշխանությունները կորցրին իրենց լեգիտիմության վերջին փշրանքները», - դիմելով իր նախընտրական շտաբում հավաքված արևմտյան լրագրողներին՝ ասել է Գրիգոլ Վաշաձեն:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաշվիլիի արձագանքը անհամեմատ ավելի կտրուկ էր: Էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից մի քանի ժամ անց Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է․ - «Սրանք լեգիտիմ ընտրություններ չէին: Ես երբեք չեմ ճանաչի Բիձինա Իվանիշվիլիին և կարող եմ ասել, որ այսօրվանից սկսած նա այլևս Վրաստանի լեգիտիմ ղեկավարը չէ: Այս ընտրությունները ուղեկցվում էին ընտրակաշառքով, երբ գումարը բացահայտորեն բաժանվում էր հենց ընտրատեղամասերում: Այս ընտրությունները ուղեկցվում էին նաև ակտիվիստների դեմ բռնությունների կիրառմամբ»:

Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանի բնակիչներին այսօրվանից քաղաքացիական անհնազանդության գործողություններ նախաձեռնել:

Խախտումների մասին տեղեկությունները թեև համատարած բնույթ չէին կրում, սակայն մի քանի լուրջ միջադեպեր, այնուհանդերձ, արձանագրվել են: Ադրբեջանաբնակ Մարնեուլիի տեղամասերից մեկում, որտեղ ընդամենը վեց քվեի տարբերությամբ հաղթել է ընդդիմության թեկնածուն, ձայների հաշվարկից հետո ընդհարումներ են եղել: Գրիգոլ Վաշաձեի կողմնակիցները կասկածներ ունեին, որ տեղամասային հանձնաժողովի նախագահը մտադրվում է կեղծել ընտրությունների արձանագրությունը և թույլ չէին տալիս նրան լքել տարածքը:

Վրացական մամուլի տեղեկություններով, Կախեթիայում գտնվող Չումլակի գյուղում անհայտ անձինք անկանոն կրակոցներ են արձակել ընտրությունների ընթացքին հետևող դիտորդների ուղղությամբ, որոնց թվում էր նաև Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը: Որևէ մեկը չի տուժել:

Իսկ Քութաիսիում ընտրողներից մեկը քվեաթերթիկի հետ միասին ծրարի մեջ նաև մարիխուանա էր դրել`գրելով․ - «Քվեների հաշվարկից առաջ անպայման կծխեք»:

Պաշտոնից հեռացող նախագահ Գերոգի Մարգվելաշվիլիի համոզմամբ, վերջին տարիների ամենասկանդալային այս ընտրությունները վկայում են Վրաստանում առկա ժողովրդավարության ճգնաժամի մասին․ - «Ընտրությունների երկրորդ փուլում ժողովրդավարության մակարդակի կտրուկ անկումն ինձ լրջորեն մտահոգում է: Վրաստանում այլևս երբեք նման մակարդակի ընտրություններ չպետք է կազմակերպվեն: Ամեն դեպքում ես շնորհավորում եմ հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` նրան հաջողություն մաղթելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG