«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանն այսօր Լոռու մարզում էին: Նրանք նախ իրենց թիմակիցների հետ եղան Սպիտակ քաղաքում, ապա մարզկենտրոն Վանաձորում քայլեցին կենտրոնական փողոցներով, փոխանցեցին դաշինքի նախընտրական բուկլետներն ու լսեցին ընտրողների հարցադրումները։
Վանաձորցիներից մեկը հարց ուղղեց՝ ինչո՞ւ է «Մենք» դաշինքը ձգտում դեպի Եվրոպա, եթե Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող ապրել։
«Պատմությունը հետ գնա, տենանք՝ լա ի՞նչ են արել մերոնց համար էդ նույն Անգլիան, էդ նույն Ֆրանսիան, նույն Գերմանիան: Ի՞նչ է արել, որ դուք ձգտում եք Եվրոպա», - ընտրողի այս հարցին Արամ Սարգսյանն արձագանքեց․ - «Լսի, դու Ռուսաստան ե՞ս ուզում, գնա Ռուսաստան: Ես Եվրոպա եմ ուզում: Ինձ չես համեմատի: Դու քշի «ԼԱԴԱ» մակնիշի մեքենա, էրեխեքիդ ուղարկի Կալինինգրադ կամ Մագադան՝ թող ընդեղ սովորեն, ռուսական շոր հագի: Ի՞նչ ասեմ: Ես «Մերսեդես» եմ ուզում, ուզում եմ, որ իմ էրեխեքը սովորեն Եվրոպայում, ուզում եմ լավ մեքենաներ քշեն, եվրոպական հագուստ հագնեն, ուզում եմ իմ երկրում եվրոպական ժողովրդավարություն լինի: Ես ուզում եմ իմ երկիրը Եվրոպայի նման լինի, դու ուզում ես Բելառուսի նման լինի: Ապրի Բելառուսում, ախպեր ջան, ի՞նչ ասեմ»:
«Մենք» դաշինքը Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում վարկանիշային ցուցակով առաջադրել է 8 թեկնածու, ովքեր մեծ ճանաչում չունեն մարզում։ Հարցին, թե արդյո՞ք դա չի խանգարում ընտրապայքարի դուրս գալ մյուս կուսակցությունների, հատկապես նախկին և ներկա իշխանությունների թեկնածուների հետ, դաշինքի ցուցակի առաջին համարը ներկայացնող Արամ Սարգսյանն ասաց․ - «Ամենահաղթող թեկնածուին էն թեկնածուն ա, որ քիչ ա հայտնի, իմացի: Հայտնիների ժամանակը լրացել ա, իրանք գնացել են: Էդ հայտնիներին հիմա համարում են ծեր, խոստումներ տված՝ չարած»:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետություն կուսակցությունը դաշինք էր կազմել «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ։ «Ելք» դաշինքը Լոռու մարզում շուրջ 6,000 ձայն էր ստացել առավելապես վանաձորցի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի ստացած ձայների հաշվին։ Հարցին, թե արդյո՞ք այս անգամ այլ ձևաչափով ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքը Լոռիում քվեներ կստանա, Արամ Սարգսյանը պատասխանեց․ - «Էսօր, բնականաբար, հաղթելու հիմնական հնարավորությունն ունի «Իմ քայլը» դաշինքը: Մնացած ուժերը պայքարում են էս խորհրդարանում որպես ընդդիմություն հանդես գալու, որպես հանրային տեսակետները խորհրդարան տանելու և մի մասը՝ գործող իշխանության մոտեցումները փոխլրացնելու, ուժեղացնելու, թերությունները ցույց տալու, մյուս մասը՝ կոշտ քննադատելու համար: Ու ժողովուրդը, էս տեսակետները հաշվի առնելով, քվեարկելու է, չի նայելու՝ ով ով է»:
«Մենք» դաշինքի անդամները եղան նաև Վանաձորի ավտոկայանի հարևանությամբ տեղադրված Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, այնուհետև շարժվեցին դեպի Ստեփանավան: