Մատչելիության հղումներ

Կառավարությունը նպաստ, նվազագույն կենսաթոշակ է սահմանում 25 հազար 500 դրամը


Տարեց մարդիկ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ
Տարեց մարդիկ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող մոտ 85 հազար հոգու նվազագույն կենսաթոշակի, նպաստի չափը բարձրացվում է, և գալիք տարվանից այդ անձինք ամսական կստանան 25 հազար 500 դրամ:

Թե ինչու այդքան, կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է․ - «Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հրապարակման՝ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23 հազար 313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25 հազար 500 դրամ»:

Գործադիրի նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հիշեց պետության սոցիալական պարտավորության մասին. - «Փաստորեն հունվարի 1-ից, եթե նախագիծը հաստատում ենք, <...> սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերը, ինչպիսիք են ծերության նպաստ ստացողները, տարբեր խմբերի հաշմանդամները, <...> որոնք մինչ այժմ ստանում են 16 հազար դրամ, 19 և այլ չափի նպաստներ, հունվարի 1-ից ստանալու են 25 հազար 500 դրամ, որովհետև սա այն նվազագույն գումարն է, որը անհրաժեշտ է մարդուն չսովելու համար»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց՝ օրինակ, ներկայումս ծերության նպաստը 16 հազար դրամ է, 2019 թվականի հունվարի 1-ից այն կդառնա 25 հազար 500 դրամ: Ծերության նպաստ ստանում են այն մարդիկ, ում 65 տարին լրացել է և նրանք չունեն աշխատանքային նվազագույն ստաժ՝ կենսաթոշակ ստանալու համար: Կամ՝ աշխատանքային նվազագույն ստաժ չունեցող առաջին կարգի հաշմանդամների նպաստի չափը ներկայումս 21 հազար 500 դրամ է, հունվարի 1-ից նրանք նույնպես կստանան 25 հազար 500 դրամ:

Կառավարության այսօրվա որոշումը վերաբերում է նաև աշխատանքային բավարար ստաժ ունեցող, սակայն ամսական 25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացող անձանց. այդ մարդկանց կենսաթոշակը ևս բարձրացվում է և հունվարի 1-ից կդառնա 25 հազար 500 դրամ:

Այսինքն՝ տարբեր խմբերին վերաբերող կառավարության այսօրվա որոշումից ընդհանուր առմամբ կշահի մոտ 85 հազար քաղաքացի:

«Ընդհանուր առմամբ պետական բյուջեից հաջորդ տարի՝ 2019 թվականին կտրամադրվի շուրջ 6 միլիարդ 700 միլիոնի չափի լրացուցիչ միջոցներ այս բարձրացումը ապահովելու համար», - ասաց Արսեն Մանուկյանը։

Կառավարության տեղեկանքի համաձայն, 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների ընդհանուր թիվը կանխատեսվում է 497 հազար 394, որից աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463 հազար 69 անձ:

«Շարունակական է սա։ Ուղղակի կառավարության առաջին նպատակադրումներից էր, որ հենց անդրադառնալ այն թիրախային խմբին, ովքեր այս պահին պարենային նվազագույն շեմից ցածր են ստանում։ Իհարկե, մենք պետք է անպայման հաջորդական անդրադառնանք ընդհանուր առմամբ բոլոր կենսաթոշակառուների խնդիրներին, ուղղակի այս պահին ես հիմա չէի ուզենա, բայց անպայման այդ խնդիրները բյուջեի հնարավորությունների մեծացման հետ կապված անպայման այս հարցերը օրակարգային հարցերից են լինելու մեր», - նշեց Մանուկյանը:

Երևանի փողոցներում մարդիկ, իհարկե, գոհ էին կենսաթոշակների, նպաստների բարձրացումից, սակայն ընդգծում էին՝ այն բավարար չէ։

«Դե իհարկե այդ գումարը էլի քիչ է, շատ քիչ է, որովհետև այսօր մի շնչին ամենաքիչը հասնում է մի 150-200 հազար դրամ, որ կարողանան ապրեն։ Բայց դե ինչ անես, վարչապետն ինչ անի, նոր եկած մարդ է։ Էլի բան ա, էլի օգնություն ա», - ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. - «Ինչ-որ ձևով կլավացնի, բայց իհարկե, բավարար չի։ Պետք է էկոնոմիկան զարգացնել, որպեսզի այդ թվերի հետ մենք արդեն չմտածենք 16-նա հերիք թե 20-ը, այլ այն իրական թվերը, որ պետք է ստանան այդ նույն մարդիկ, թոշակառուները, նպաստառուները»։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, կառավարությունն այս որոշմամբ, ըստ էության, նպատակ ունի երկրում վերացնել ծայրահեղ աղքատությունը: Սակայն, ըստ տնտեսագետի, կառավարության հիմնական նպատակը պետք է լինի տնտեսական աճ ապահովելը, ոչ թե նպաստներ ավելացնելը:

«Լավագույն օրինակը կարող եմ ես բերել Ամերիկայի Միացյալ նահանգների ֆեդերալ-ռեզերվային համակարգի աշխատանքը, երբ որ իրենց մոտ աշխատատեղերը այնքան աճեցին, որ 2008 թվականի 10-12 տոկոս գործազրկությունը հիմա դարձավ 3,4 տոկոս և տնտեսական աճը այն ժամանակ, որ զրոյականից հիմա դարձավ 3,4։ Մենք Հայաստանի Հանարապետությունում Կենտրոնական բանկի և կառավարության համատեղ աշխատանքով պետք է կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ իրականում մեր Հայաստանում տնտեսությունը ոչ թե կայուն բնույթ կրի` պետք է մտածել զարգացման մասին», - ընգծեց Վահագն Խաչատրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG