Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:
Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ:
Այսօր Ալումյանն ասաց, որ նոր բողոքի հիմքում «Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության պետերի հայտնի հեռախոսային խոսակցությունն է և դրա վերաբերյալ ասուլիսը»։