Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանի որդիները ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում». Նիկոլ Փաշինյան


«Պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում», - այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

Նշելով, որ համացանցում շահարկվում է իր այն հայտարարությունը, որ «Հայաստանի առաջին ղեկավարն է, ում որդին զինվորական ծառայությունն անցնում է Լեռնային Ղարաբաղում», Փաշինյանը շարունակեց. - «Գրում են՝ թե «ինչպե՞ս կարելի է այդպես ասել»։ Վերնագրեր տեսա, մեկնաբանություններ՝ «Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են...»։ Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, և հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները «ծառայել են» Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են Պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ, որտեղ ուզեցել է գնացել է՝ պետության բենզինի հաշվին, ավտոյի հաշվին։ Էդ ինչի՞ եք տենց ոգևորվել, որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Եթե որևէ մեկն իմ էս ասածը կասկածի տակ դնի, փաստերով ու փաստաթղթերով կապացուցեմ»։

«Սթափվե՛ք հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով»

Նիկոլ Փաշինյանը նաև արձագանքեց Լեռնային Ղարաբաղից իր հասցեին հնչող քննադատություններին՝ հորդորելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:

«Ճիշտն ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել և տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևիցե ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում։ Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Բակո Սահակյանի հետ։ Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԼՂ նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իր ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։

«Այ քեզ բան։ Սթափվե՛ք հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե այն, ինչ որ տեղի է ունեցել, ես կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», - հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG