ԲՀԿ առաջնորդն իր թիմակիցներին սպառնաց հեռացնել կուսակցությունից, եթե նրանք նախընտրական քարոզարշավի փուլում փորձեն ցեխ շպրտել մրցակիցների վրա:
Իսկ եթե այլ ուժերից թիրախավորեն «Բարգավաճ Հայաստանին», պատասխանը կստանան Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով․ - «Ուժեղ մարդը երբեք ու երբեք որևիցե մեկին թթու բառ չի ասի: Ես բոլոր իմ թիմին զգուշացրել եմ, հարգելի, ասել եմ, գործընկերներ, եթե որևիցե մեկին իմանամ դուք որևիցե ցեխ եք շպրտել, ինչ-որ իրանց հաշվին դուք հեղինակություն ձեռք բերեք, իմացեք, կուսակցությունից կհեռացնեմ: Դուք ձեր գործը ներկայացրեք, ամեն մեկը իր հնարավորությունը, իր ծրագիրը, իր կապերը, իր արածները թող ներկայացնի: Մեր ժողովուրդն էլ ում կուզի, թող իր ձայնը տա: Բայց որևիցե մեկը փորձեց ասելու, ուրեմն իրա եղածը, անցածը, ինչ որ կա, «Կենտրոն» հեռուստաընկերության և այս սենց հանրության մեջ կետ առ կետ կասեմ՝ ով ա, ինչ ա, ումն ա, ինչի շնորհիվ ա, ինչի համար ա անում և իրա նպատակը ինչ ա, որ կյանքում քարը քարին դրած չկա, հարյուր դոլար աշխատած չկա, մեկի մատից փուշ հանած չկա․․․ Ելույթ ես ունենում, քո ցավը տանեմ, ելույթ ունեցի, ներկայացի: Քեզ ձայնը կտան՝ քո ցավը տանեմ, կարա՞ս անես, գնա արա, մենք կողջունենք քեզ, կշնորհավորենք»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ծառուկյանը Տավուշի մարզի այլ համայնքներ չայցելեց: Քարոզարշավն անցկացրեց միայն Իջևանում, նախօրեին էլ՝ միայն հայրենի Աբովյան քաղաքում:
Թե՛ երեկ, թե՛ այսօր քարոզարշավին ելույթ ունեցավ միայն Ծառուկյանը: Նա այսօր էլ խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Հաջողվեց հարցնել Միջազգային հանրապետական ինստիտուտի անկացրած հարցման արդյուքների մասին, ըստ որի այս ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կզբաղեցնի 3-րդ տեղը՝ ստանալով 9 տոկոս քվե, իսկ երկրորդ տեղը զկբաեղցնի «Լուսավոր Հայաստանը»:
Ծառուկյանը հեգնեց, թե ակնկալում է զբաղեցնել 10-րդ տեղը, և հարցին արձագանքեց հարթակից․ - «Եթե Ծառուկյանը էսօր էս ժողովրդին պետք չի, չեմ կարա օգնեմ, իմ ժողովրդի մատից փուշ հանեմ, կարողանամ մարդկանց բերել, ներկայացնել, ներդրում անենք, գումարներ բերենք․․․ այ ձեր ցավը տանեմ, հո ես քաղաքականությամբ չե՞մ ապրում: Էդ գնացեք էն քաղաքական գործիչներին ասեք, որ քաղաքականությանից հանեն, նրանք կկորեն: Ծառուկյանը եղել ա, կա, կմնա: Ծառուկյանը ուզում ա լավ բան անի, ձեր ցավը տանեմ: Չարչարվում եմ, մտածում եմ, անում եմ, բերում եմ, ցույց եմ տալիս, ներկայացնում եմ․․․ Ուզում եմ իմ ժողովուրդը լավ ապրի»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը վաղը կշարունակի Սյունիքի մարզում: Այստեղ ԲՀԿ-ից ռեյկտինգային ընտրակարգով առաջադրվածների թվում է պագամավոր Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ առաջնորդը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվել: