Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի միջնորդությունը


Վերաքննիչ դատարանը մերժեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ:

Նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կարծում են, որ այս դատարանը օրենքի հիման վրա չէ ստեղծված:

Ավելի վաղ Հայկ Ալումյանն ասել էր՝ Քոչարյանի փաստաբանական թիմը մամուլից էր տեղեկացել, որ Վերաքննիչում գործը քննող դատավորի անունը որոշվել է վիճակահանությամբ։ Ըստ Ալումյանի՝ օրենքով դատավորի ընտրության համար վիճակահանություն նախատեսված չէ։ - «Թատրոնը սկսում է կախիչից»,-ասել էր Ալումյանը՝ ավելացնելով՝ եթե գործի քննությունը սկսում է օրենքի կոպիտ խախտմամբ, ոչ մի ակնկալիք չունենք, որ ավարտը կարող է լինել օրինական․ - «Հիմքը դրված է ակնհայտ անօրինական: Ընթացքը ինչքան էլ օրինական լինի և վերջնական որոշումը ինչքան էլ օրինական լինի, եթե հիմքը անօրինական է, վերջնական որոշումը ապրիորի չի կարող լինել օրինական: Մենք չենք կարող ուղղակի չշարունակել: Այսինքն չենք կարող բոյկոտել, որովհետև եթե մենք բոյկոտենք, միևնույնն է՝ դատարանը շարունակելու է քննել և միևնույնն է՝ ինչ֊որ մի որոշում կայացնելու է: Մենք ստիպված պիտի մասնակցենք այդ ամեն ինչին»:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին առնչվող բողոքի քննությունը, որը սկսվել էր դեռ երեկ: Դատաքննության երկրորդ օրըՔոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով բուն կալանավորման հարցին դեռ չեն անդրադարձել: Վաղը պաշտպանական կողմը ներկայացնելու է ևս մի քանի միջնորդություն:

«Ընդամենը մեկը ասեմ՝ պատրաստվում ենք միջնորդել, որպեսզի դիմի Սահմանադրական դատարան Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: 300 հոդվածի, որը գործել է 2008 թվականի դրությամբ», - մանրամասնեց փաստաբանը:

Ավելի քան 10 օր առաջ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին:

Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր ընդունել:

Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որ երեկ մասնակցել է նիստին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդել է՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ:

Ի դեպ այսօր նաև դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ պահանջելով արդար դատաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG