Մատչելիության հղումներ

«Մենք» դաշինքը իշխանության թիվ 1 խնդիրը համարում է ներդրման խրախուսումը


«Մենք» դաշինքի նախընտրական հանդիպումները Շիրակի մարզում սկսվեցին Արթիկից: Նախ երթով անցան Արթիկի փողոցներով` ներկայացնելով, թե դաշինքը ինչ ծրագիր է առաջարկում ընտրողներին՝ «կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում, հարկային արտոնություններ գյուղմթերքի և սննդի արտադրության և արտահանման համար»:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, թե տրամաբանական է, որ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ ընտրություններին վստահության մեծ քվե է ստանալու, բայց ժողովրդավարությունը կտուժի, եթե ամեն ինչ մեկ ուժի ձեռքում լինի: Սարգսյանն հավելեց, թե իրենք օգնելու են Փաշինյանին, միևնույն ժամանակ մատնացույց կանեն բացթողումներն ու դրանք շտկելու ճանապարհը ցույց կտան․ - «Մենք հենց այդ ուժն ենք, որը ոչ թե ուրախանում է էսօրվա գործող իշխանության թերություններով, բացթողումներով, այլ մենք էն ուժն ենք, որը ուզում է օգնել, օր առաջ ասել, որ էդ թերությունները չլինեն, որ էդ բացթողումները չլինեն: Ոչ միայն ասել էդ, այլև ճանապարհներ ցույց տալ, թե ինչ քայլեր պիտի անել, որպեսզի էդ սխալները շտկվեն, որպեսզի երկիրը ավելի լավն ու ավելի առաջադեմը դառնա»:

Արամ Սարգսյանը խախտեց տված խոստումը թե քաղաքական այլ ուժերի չի քննադատելու ու քննադատության սլաքն ուղղեց Հանրապետականին՝ մեղադրելով քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու մեջ:

«Հանրապետական կուսակցությունը, ժողովուրդ ջան, հստակ տակտիկա է օգտագործում, և դա շատ վատ է: Իրենք ուզում են ձեզ խաբել: Իրենց պաստառները սարքել են սև ու սպիտակ: Իրենք մեր ժողովրդին ուզում են բաժանել սևերի ու սպիտակների: Իրենք դրանով ուզում են ասել, որ Հայաստանում կա երկու կուսակցություն․ մեկը «Քաղաքացիական պայմանագիրն» է, մյուսը՝ Հանրապետական կուսակցությունը: Ուրիշները չկան: Հարգարժան հանրապետականներ, դուք ոչ Կոկո Շանելն եք, որ սև ու սպիտակի վրա եք գնում, ոչ էլ Ջաննի Վերսաչին: Էդ ձեզ չի օգնելու: Դուք սև չեք, դուք գորշ եք», - հայտարարեց «Մենք» դաշինքի առաջին համարը:

Տնտեսական ծրագրերից խոսելով՝ Արամ Սարգսյանը անդրադարձավ աշխատատեղերի ստեղծմանը, որով կկանխվի նաև արտագաղթը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել ներդրումներ, իսկ դա հնարավոր է մի քանի պայմաններ ապահովելու պարագայում․ - «Նախ պիտի հստակ պայքար տարվի կոռուպցիայի դեմ, պիտի ամբողջությամբ առողջացվի դատական համակարգը: Ներդրում անող մարդը, բիզնեսով զբաղվող մարդը պիտի իմանա, որ ինքը իր իրավունքները կարող է պաշտպանել դատարանում: Հարկային արտոնություններ պիտի տրվեն էն կազմակերպություններին, ովքեր ներդրումներ են անում՝ նույնիսկ միջինին, նույնիսկ փոքրին: Ներդրման խրախուսումը պիտի լինի իշխանության համար 1 խնդիրը»:

«Մենք» դաշինքը հաջորդ խնդիրը համարում է հայաստանցիների պաշտպանվածությունը․ պետք է պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնել: Հարևան Ադրբեջանը զինվում է նավթ վաճառելով: Արամ Սարգսյանը մատնացույց է անում, թե Հայաստանը որտեղից կարող է անհրաժեշտ գումարները գտնել․ - «Հայաստանն ունի լուրջ մետաղական բնական ռեսուրսներ, գունավոր մետաղներ: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանում ունենանք մետաղաձուլական գործարան: Դա շատ մեծ թվով աշխատատեղերի խնդիր է լուծելու ու բյուջեի շատ մեծ գումարներ է ապահովելու»:

Դաշինքը երկրորդ համարը՝ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, խոսեց վերջին տարիներին Հայաստանից արտահանված մեծ կապիտալի մասին: Ըստ վերջինիս՝ խոսքը 10 մլրդ դոլարի մասին է, որը գողացվել է ժողովրդից և պետք է հետ վերադարձվի:

«Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Դա գողոն է մեր քաղաքացիներից», - պնդեց նա:

«Մենք» դաշինքը Շիրակի մարզում մի շարք համայնքներում հանդիպումներ անցկացրեց՝ դրանք եզրափակելով Գյումրիում:

Դաշինքը մարզում վարկանիշային 8 թեկնածու է առաջադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG