Երեկ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է հրավերը:
Նախագահը երեկ Բեռլինում մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին, որտեղ քննարկվել են համաշխարհային անվտանգության, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների թեմաները:
Համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերն ընդգծել է․ - «Հայաստանը փոքր երկիր է, սակայն եվրոպական շատ երկրներ նույնպես փոքր են, և այս երկրներից յուրաքանչյուրն իր դերակատարությունն ունի: Հայաստանը Եվրոպայի այս հատվածում խճանկարի մի մասն է և ավելի մեծ ուշադրության է արժանի: Գնահատելի է այն փաստը, որ Հայասանն այժմ ավելի շատ է արտահայտվում: Հույս ունեմ, որ ներքաղաքական վիճակն այնպիսին կլինի, որ Հայաստանը միջազգային քննարկումների ժամանակ կկարողանա իր ձայնը բարձրացնել այն թեմաների շուրջ, թե ինչպես լավագույնս հարաբերվել Ռուսաստանի հետ, ինչպես վերականգնել վստահությունը համաշխարհային խաղացողների միջև՝ Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և մյուսների միջև, որ ՆԱՏՕ-ում չեն։ Այս առուով Հայաստանը կարող է շատ կարևոր դերակատարություն ունենալ: Ահա թե ինչու եմ սկսել քննարկում Հայաստանի ղեկավարների, այդ թվում նախագահ Սարգսյանի հետ, այն մասին, թե մենք ինչպես կարող ենք նպաստել, որ Հայաստանի ձայնն ավելի լսելի լինի առաջիկա ամիսների և տարիների ընթացքում»:
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ երեկ երեկոյան այցելել է նաև Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։ Կարմիր խաչը Հայաստանում սկսել է աշխատել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո:
Արմեն Սարգսյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել կազմակերպությանը հայ ժողովրդի համար այդ ծանր փուլում օգնության բարեկամական ձեռք մեկնելու համար. - «Մենք, որպես հայեր, որոնք ապրում են Հայաստանում, և երեք կամ չորս անգամ ավելի հայեր, որ ապրում են աշխարհով մեկ՝ ներառյալ Գերմանիայի Դաշնությունում, երբեք չենք մոռանա այն ջերմությունը, ուշադրությունը և այն մարդկային վերաբերմունքը, որ մեր բարեկամները աշխարհով մեկ և մանավանդ այս գեղեցիկ երկրից, այս պատմական երկրից ցուցաբերեցին այն ժամանակ Խորհրդային Միության մաս կազմող Հայաստան Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ»։
Նախագահ Սարգսյանն այս միջոցառման ընթացքում նաև Հայաստանի պետական պարգևներ և հուշանվերներ է հանձնել Գերմանիայի Կարմիր խաչի մի շարք աշխատակիցների։
Միջոցառման ավարտին Գերմանական Կարմիր խաչի նախագահ Գերդա Հասսելֆելդթը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին է հանձնել Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:
Նախագահ Սարգսյանը հայտարարել է․ - «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ճիշտ նույն գումարի չափով Հանրապետության նախագահը կնվիրաբերի նույն Մոր և մանկան կենտրոնին»:
Այսօր առավոտյան Արմեն Սարգսյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական այնպիսի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, ինչպիսիք են «Սիմենսն» ու «Նոկիան», «Էրբաս գրուպը», բիզնեսի զարգացման ոլորտում աշխատող «Շնայդեր գրուպը», որը մեկ ամիս առաջ Հայաստանում գրասենյակ բացեց: Նախագահը համոզմունք է հայտնել, որ գերմանական ընկերությունների հետ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի դիրքը, որ քաղաքակրթությունների խաչմերուկն է։