Մատչելիության հղումներ

ԵՄ-ն մտադիր է ընդլայնել Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը․ Լյուկ Դևին


Երևանյան քննարկումներից հետո Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան վստահեցնում է, որ Բրյուսելը մտադիր է ընդլայնել Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը:

«Ազատության» հետ զրույցում Եվրոպական արտաքին գործողության ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը մանրամասներ չհայտնեց, սակայն հիշեցրեց՝ Եվրամիությունը Հայաստանում քառորդ միլիարդ եվրոյի տարաբնույթ ծրագրեր է իրականացնում:

«Ինչպես ասացի, բարյացակամ ենք Հայաստանի նոր կառավարության հանդեպ: Մենք ընդլայնել ենք և ընդլայնելու ենք Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը, որովհետև տեսնում ենք, որ կամք կա շարժվելու այն ուղղությամբ, որը մենք աջակցում ենք: Ներկայում Հայաստանում ունենք 250 միլիոն եվրոյի ծրագրեր, մեկ միլիարդ եվրոյի վարկեր ենք տրամադրել և ավելի շատ ենք անելու ու ցանկանում ենք ավելի շատ անել», - ասաց Լյուկ Դևինը։

Եվրոպական արտաքին գործողության ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ գլխավորած պատվիրակությունը Երևանում էր՝ մասնակցելու երեկ կայացած Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Հայաստանի ու Եվրամիության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին։

Համատեղ հաղորդագրության համաձայն, նիստին նշվել է, որ Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանում կկայանան արժանահավատ, ընդգրկուն և թափանցիկ ընտրություններ, հայկական կողմն ընդգծել է իրապես ազատ և արդար ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը։

«[Հայաստանի] կառավարության կողմից դրական քայլերի ականատեսն ենք եղել․ կոռուպցիայի դեմ պայքարի ընդլայնում: Անշուշտ, մենք աջակցում ենք այս պայքարը: Կարծում եմ, որ սա դրական է Հայաստանում Եվրամիության կողմից արվող ներդրումների համար: Մենք ամենամեծ ներդրողն ենք Հայաստանում և Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը: Տեղյակ եք, որ մեր հարաբերությունների պատմության ընթացքում ունեցել ենք լուրջ տատանումներ: Ներկայում հետևում ենք մեկ տարի առաջ կնքված փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը: Անշուշտ, ցանկանում ենք տեսնել վստահելի, լուրջ ընտրություններ, որոնց անցկացման համար օժանդակություն ենք տրամադրել: Վստահ ենք, որ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունները կանցնեն օրենքի համաձայն», - ասաց Լյուկ Դևինը։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան-Եվրամիություն առևտուրը կազմել է 1 միլիարդ 359 միլիոն դոլար, ինչը 27.9 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվրամիության հետ առևտուրը կազմել է Հայաստանի ողջ արտաքին առևտրի 25.4 տոկոսը:

«Հայաստանում կառավարության փոփոխության ականատես եղանք: Ողջունեցինք այդ փոփոխության խաղաղ բնույթը՝ չկար քաոս, բռնություն, անարխիա: Վստահ ենք, որ [Եվրամիության ու Հայաստանի միջև] համագործակցությունը շատ լավ է առաջ գնում, գոհ ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմամբ: Զգում ենք հայաստանցիների պատրաստակամությունը՝ կյանքի կոչել այդ համաձայնագիրը: Եթե ցանկանում եք ամբողջովին կյանքի կոչել այդ համաձայնագիրը, մենք էլ ստեղծել ենք հանդիպումների բազմաթիվ հարթակներ: Շատ բան է արվելու՝ փորձագետների մակարդակով հանդիպումներ ունենք նախատեսված, որոնց ժամանակ քննարկվելու են մարդու իրավունքներին, շրջակա միջավայրին, տրանսպորտին ու էներգետիկ խնդիրներին վերաբերող, մարդկային շփումներին և տեղաշարժին առնչվող և այլ հարցեր», - ասաց Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG