Շահնազարյանը նախընտրել էր քարոզարշավը ոչ թե ընտրողների, այլ լրագրողների հետ հանդիպելով անցկացնելը:
«Այսօրվա իշխանությունը կոնկրետ Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը իր բոլոր զինված ուժերով», - հայտարարեց նա:
Քարոզարշավի երկրորդ օրը Լոռու մարզ մեկնած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ․ - «Իհարկե, իրանց կոռուպցիային Ադրբեջանը ի՞նչ ա սպառնում՝ ոչ մի բան: Իսկ ժողովրդական իշխանությունը սպառնում ա․ իրանց կուսակցության և վերնախավի թալանած փողերը պետք ա հետ բերենք, չէ՞»:
2016-ի ապրիլին առաջնագծում տեղի ունեցածը, Շահնազարյանի կարծիքով, մեծագույն նվաճում էին: Քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 100-ից ավելի զոհ ունեցավ, նաև՝ 800 հեկտար տարածքային կորուստ:
«Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան չորս օրերին, դա մեր կողմից մեծագույն նվաճում էր, որովհետև հերոսաբար կանգնեցվեց մի ահավոր ծրագիր», - հայտարարեց նա:
Եւս մեկ հայտարարություն, որ այսօր արեց Դավիթ Շահնազարյանը:
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պատգամավոր Սասուն Միքայելյանն ասել էր, որ հայ ժողովրդի ապրիլյան հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Մեծ աղմուկ բարձրացած այս ձևակերպմանը երեկ անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե թույլ չի տա վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական միավորներ հավաքել:
Շահնազարյան․ - «Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ իշխանություն Արցախի փոխարեն»:
Դավիթ Շահնազարյանի այս հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ստեփանավանում հրավիրած հանրահավաքի հարթակից։ Ասաց, որ Հայաստանի ոչ մի իշխանության դիրքորոշում ավելի ղարաբաղամետ չի եղել, քան իր ղեկավարած կառավարությանը․ - «ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի․․․ որովհետև երիտասարդ Հանրապետական ա․․․ Մինչև էդ հայտարարությունը Գյումրիում էլ, էսօր Վանաձորում էլ հայտարարել եմ, որ, ժողովուրդ, մեր կառավարությունը Ղարաբաղի հարցը ուզում ա լուծել այնպես, ինչպես ուզում ա լուծել ձեզնից յուրաքանչյուրը: Եվ եթե էսքանից հետո Հանրապետականը ասում ա, որ մեր կառավարությունը ուզում ա Ղարաբաղը հանձնի, ուրեմն Հանրապետականը ժողովրդին մեղադրում ա, որ ժողովուրդը ուզում ա Ղարաբաղը հանձնի»:
Շահնազարյանը նաև կարծում է, որ իշխանությունն այժմ ոստիկանությունը թուլացնում և նվաստացնում է․ - «Ոստիկանությունը երբևիցե չի եղել այսքան թույլ և նվաստացված իշխանության կողմից: Եվ այսօրվա ոստիկանապետը այս մասին առնվազն պետք է մտածի: Սա ուղղակի արժանապատվության հարց է»:
Իր ղեկավարած կառույցին վերաբերող գնահատականներն այսօր անպատասխան չի թողել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը․ -
«Վստահեցնում եմ ձեզ, որ ձեր ոստիկանությունը երբևիցե ուժեղ չի եղել, ոնց որ այսօր: Իսկ ուժը ինչո՞վ է պայմանավորված, մահակով ծեծելո՞վ․․․ Աստված մի արասցե, դրա անհրաժեշտություն լինի, մահակ էլ կկիրառվի, ջրցան էլ կկիրառվի, բայց դա կկիրառվի հանցագործների նկատմամբ, այն խումբ-խմբավորումների նկատմամբ, որոնք կփորձեն ոտնձգություն կատարել սահմանադրական կարգի նկատմամբ»: