Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հանդիպել է Շիրակի մարզում առաջադրված վարկանիշային թեկնածուների ու նրանց նախընտրական շտաբերի ղեկավարների հետ: Ոստիկանապետը հորդորել է, որ նրանք գործեն օրենքի շրջանակներում՝ հավելելով, որ խախտողները կպատժվեն:
«Մենք գիտենք, տեսադաշտում ունենք, ովքեր կարող են զբաղվել ընտրակաշառքների բաժանումով: Մենք գիտենք ովքեր կարող են զբաղվել ընտրակեղծարարությամբ, ովքեր կարող են ստվերել ընտրությունները», - նշեց ոստկանապետը՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ թեկնածուները ևս կահազանգեն՝ բացահայտելու ու պատժելու ցանկացած չարաշահման դեպք:
Օսիպյանը ընդգծեց, որ եթե նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի որևէ թեկնածու անօրինություն թույլ տա, առաջինը հենց ինքը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
«Ազատության» հարցին, թե արդյոք կբավարարի ոստիկանության ռեսուրսը, որ կարողանան կրիմինալի ու թաղային հեղինակությունների դեմն առնել, ոստիկանապետը պատասխանեց․- «Իհարկե ոստիկանության ռեսուրսը կբավարարի: Կարևորը ոստիկանությունը կամք ունի, ցանկություն ունի, նպատակ ունի, և մենք չէինք սպասում ընտրության օրը, որ ընտրություն ունենանք, նոր զբաղվեինք այդ թաղային հեղինակություններով: Մենք այս ամիսների ընթացքում զբաղվում ենք և ունենք դրա դրական արդյունքը: Իրենք այդ օրը որպես ՀՀ քաղաքացի կարող են մասնակցություն ունենալ, ընտրություններին գալ, իրենց քաղաքացիական պարտքը տալ ու գնալ․ ոչ ավել, ոչ պակաս»:
Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանությանը հանձնարարություն է տվել, որ ոչ մեկ չթփրտա, հատկապես կրիմինալը. - «7 ամիսների ընթացքում, իհարկե, եղել են թփրտացողներ, որոնց մենք տեղը դրել ենք օրենքի սահմաններում և պատրաստակամ ենք շարունակել այդ թփրտացողներին իրենց տեղը ցույց տալը: Հիմա էլ ենք պատրաստ փռել ասֆալտին՝ օրենքի սահմաններում»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուներից Սևակ Հովհաննիսյանը հենց դահլիճում հաղորդում ներկայացրեց վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու է, քարոզից մեկ օր առաջ Արթիկի տարածաշրջանի համայնքապետերի հետ է հանդիպել: Հաղորդումը հենց տեղում հասցեագրվեց Շիրակի ոստիկանապետ Քոչարյանին, ում Վալերի Օսիպյանը հանձնարարեց՝ օրենքի սահմաններում ընթացք տալ:
Առաջարկ եղավ ուշադրություն դարձնել հատկապես գյուղական համայնքներին, քանի որ համայնքների մեծ մասի ղեկավարները նախկին համակարգից են մնացել, շատերի համար դեռ հին Հայաստանն է։