Թուրքական «Հյուրիյեթը» հաղորդում է, որ 1984 թվականին Ջորջ Սորոսի կողմից հիմնադրված «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում:
Կազմակերպության գործադիր մարմնի հայտարարության համաձայն, այս որոշման դրդապատճառը վերջին շրջանում մամուլում հիմնադրամի հասցեին գնալով աճող «անհիմն և սպեկուլատիվ հրապարակումներն են, որոնց ստեղծած մթնոլորտում անհնար է դարձել կազմակերպության հետագա գործունեությունը»:
«Թուրքիայում հիմնադրման օրից՝ 2008 թվականից ի վեր, կազմակերպության գործունեությունը կանոնավոր կերպով վերահսկվել է Ներքին գործերի նախարարության և հիմնադրամների գլխավոր վարչության կողմից: Հիմնադրամը գործել է երկրի օրենքներին համապատասխան», - ասված է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայտարարության մեջ:
Հիմադրամի ղեկավարությունը, առաջնորդվելով կառույցի կանոնադրությամբ, եկել է այն եզրահանգման, որ կազմակերպության գործունեությունը այլևս անօգուտ է, և այն չի կարող ծառայել իր նպատակին: