Մատչելիության հղումներ

Հարցում․ Հայաստանցիների մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի և Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ


Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացրած հարցման համաձայն, հայաստանցիների մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի և Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ:

Հարցվածների 67 տոկոսն ասել է՝ եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա կքվեարկեին «Քաղաքացիական պայմանագրի», 10 տոկոսը «Լուսավոր Հայաստանի», 9 տոկոսը «Բարգավաճ Հայաստանի», 3 տոկոսը «Սասնա ծռերի», 2 տոկոսը Հանրապետականի և 2 տոկոսը Դաշնակցության օգտին:

Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ երբեք չի ընտրի Հանրապետականին, 18-ը՝ ԲՀԿ-ին, 17-ը՝ «Օրինաց երկրին», 16-ը՝ ՀՅԴ-ին, 14 տոկոսը՝ Հայ ազգային կոնգրեսին: «Քաղաքացիական պայմանագրին» երբեք չի ընտրի հարցվածների 4 տոկոսը:

81 տոկոսը պատրաստակամություն է հայտնել մասնակցել խորհրդարանական հաջորդ ընտրություններին:

Հարցվածների 82 տոկոսը ասել է, որ իր ամենասիրելի գործիչը Նիկոլ Փաշինյանն է, 81-ը դրական կարծիք է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի, 77-ը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:

Նախկին նախագահներից ամենաբարձր վարկանիշն ունի Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 18 տոկոս, հաջորդը Ռոբերտ Քոչարյանն է՝ 13 տոկոս, Սերժ Սարգսյանն ունի 12 տոկոս:

82 տոկոսը ասել է, որ նոր կառավարությանը «շատ դրական» և «համեմատաբար դրական» է վերաբերվում:

Հայաստանում մայիսին տեղի ունեցածը դրական համարող հարցվածների 37 տոկոսը նոր կառավարության ամենամեծ հաջողությունն է համարում կոռուպցիայի կրճատումը:

Իսկ մայիսյան իրադարձությունները բացասական համարող հարցվածների 48 տոկոսը նոր կառավարության ամենամեծ ձախողումն է համարում ոչ պատշաճ նշանակումները պետական համակարգում:

63 տոկոսը արագ քաղաքական, իսկ 61 տոկոսը արագ տնտեսական փոփոխությունների ցանկություն է հայտնել:

72 տոկոսը կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, 11 տոկոսը հակառակ կարծիքի է՝ Հայաստանը սխալ ճանապարհ է բռնել:

40 տոկոսի համոզմամբ՝ նախորդ վես ամսիներին Հայաստանում տնտեսության վիճակը բարելավվել է, 45 տոկոսի գնահատամամբ՝ մնացել է նույնը, 13 տոկոսի կարծիքով՝ վատացել է:

84 տոկոսը համոզված է, որ Հայաստանում ապագան ավելի լավ է լինելու:

Հարցվածների մեծամասնությունը Փաշինյանի կառավարությունից ակնկալում է աշխատատեղերի ստեղծում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում:

Նախկին կառավարության ձախողումը համարում են առաջին հերթին կոռուպցիան, թալանը, արտագաղթը, անարխիան և մոնոպոլիաները:

Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 97 տոկոսը դրական է արտահայտվել Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների վերաբերյալ, երկրորդ տեղում Վրաստանի հետ հարաբերություններն են՝ դրական է արտահայտվել 93 տոկոսը, երրորդում Իրանն է՝ 92 տոկոս դրական կարծիք է հավաքել, 4 տոկոս բացասական, Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական են համարել 92 տոկոսը, բացասական՝ 7 տոկոսը:

79 տոկոսը «շատ դրական» և «համեմատաբար դրական» է արտահայտվել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությանը, 11 տոկոսը՝ «համեմատաբար բացասական» ու «շատ բացասական»:

Նույնքան՝ 79 տոկոսը «շատ դրական» և «համեմատաբար դրական» է արտահայտվել Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, 11 տոկոսը՝ «համեմատաբար բացասական» ու «շատ բացասական»:

Հարցվածների 98 տոկոսի կարծիքով, ղարաբաղյան խնդրի կարգավորումը «շատ կարևոր» և «համեմատաբար կարևոր» է Հայաստանի ապագայի համար:

41 տոկոսը, ի դեպ, ասել է, որ ինտերնետում լուրեր ստանալու համար այցելում է Azatutyun.am:

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 9-29-ը 1200 քաղաքացու շրջանում: Այն իրականացրել է հեղինակավոր The Gallup Organization-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG