Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը ՀՅ Դաշնակցությունը սկսեց երկուշաբթի երեկոյան Երևանում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից։
ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը հայտարարեց, մասնավորապես, որ «մենք էսպես էլ դեռ մինչև հիմա իրենց իսկ ձևակերպած սուպերվարչապետական համակարգից չենք հրաժարվել»: «Մենք չունենք երաշխիք, որ եթե փորձեն ամրապնդել սեփական իշխանությունը, դա չբերի նրան, որ մենք հիմա սուպերվարչապետականը փոխարինենք սուպերնախագահականով», - շարունակեց նա:
«Երկրորդ վտանգները, որոնք նշմարվում են, դա այն է, որ այսօր նույն դեմքերը պահպանվել են, բայց պարզվում է, որ օլիգարխներ չկան, պարզվում է, որ այլևս նրանք մեծահարուստներ են, կայացած ձեռներեցներ են։ Թերևս դա նրանից է, որ նրանք այսօր դարձել են յուրային», - ընդգծեց Ռուստամյանը:
«Երրորդ դրսևորումը, որը իսկապես մտահոգիչ է, տնտեսական դաշտում պահպանվել են բոլոր նույն սուբյեկտները իրենց գերակա դիրքերով, սակայն հայտարարվում է, որ մենաշնորհներ չկան։ Թերևս այն պատճառով, որ այդ մենաշնորհները արդեն դրսևորում են իրենց նվիրվածությունը և պատրաստ են ծառայել այսօրվա իշխանություններին», - ասաց Արմեն Ռուստամյանը:
Ցուցակում վեցերորդ հորիզոնականը զբաղեցնող Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց․ - «Թող որևէ մեկին չթվա, թե Դաշնակցությանը եթերներից, սոցցանցերով հնչող կեղծ մեղադրանքները տեղ են հասնում: Ոչ, մենք այս օրերին բաց տեքստով ասելու ենք, թե ինչ է արել Դաշնակցությունը, որպեսզի կանխվի արյունահեղությունը էս երկրում՝ սկսած 90-ականներից, ավարտված վերջին ժողովրդական շարժմամբ»:
։