Մատչելիության հղումներ

Նոր քաղաքական գործիչների ժամանակն է. Մանե Թանդիլյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Մանե Թանդիլյանի համար ծրագրային դրույթներում առաջնային են քաղաքացիների խնդիրները։

Այսօր քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում Թանդիլյանն ասաց, որ ԼՀԿ-ի ծրագրում լուրջ անդրադարձ են արել երեխաների, ընտանիքների, տարեց մարդկանց խնդիրներին։

«Խորքային ծանոթ ենք այդ խնդիրներին և ծանոթ ենք նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, հետևաբար այսօր մեր առաջին մարտահրավերը Հայաստանն առաջանցիկ տեմպերով զարգացնելն է տնտեսապես և սոցիալական խնդիրների լուծումն է։ Սա պետք է լինի առաջնային», - ասաց Թանդիլյանը։

Երեկ Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ Թանդիլյանը հայտարարեց, որ խորհրդարանում քաղաքական երկրորդ ուժն են լինելու։

Հարցին, թե քարոզարշավի երկրորդ օրն է՝ քաղաքացիներից երկրորդ քաղաքական ուժը լինելու ազդակներ ստացե՞լ են, Ազգային ժողովում երկրորդը լինելու վճռականությունը պահպանվո՞ւմ է, Թանդիլյանը պատասխանեց. - «Երկրորդը լինելը դա ոչ թե մենք որոշել ենք, այլ դա ակնհայտ է, որովհետև նոր Հայաստանում քաղաքական ուժերն էլ պետք է լինեն նորը, և նրանք, ովքեր կարողացել են այս ընթացքում ապացուցել, որ քաղաքացիներին ականջալուր են և հասանելի»։

Թանդիլյանն ընդգծեց՝ նոր քաղաքական գործիչների ժամանակն է։

«Կոտրելով կարծրատիպերը պետական պաշտոնյաների ձևաչափի՝ «Լուսավոր Հայաստան»-ը հենց այդ ազդակներն է նաև ստանում քաղաքացիներից, ովքեր որ հոգնել են հին ուժերից, որոնք որ կրում են պատասխանատվություն նախորդ կառավարման ժամանակ՝ կազմելով այս իշխանության մաս տարբեր ժամանակահատվածում, և հետևաբար այսօր ժամանակն է զսպումների, վերահսկողական մեխանիզմների իսկական ներդրման, որովհետև Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ առողջ և մեկը մյուսին հակակշռող քննադատության և բանավեճի արդյունքում ծնվելու են լավագույն լուծումները», - ասաց Թանդիլյանը։

Հարցին էլ, թե արդյո՞ք Հանրապետականի և «Իմ քայլը» դաշինքի միջև քարոզարշավն ընթանում է առողջ մթնոլորտում, Թանդիլյանն արձագանքեց՝ տեղյակ է, որ որոշակի «փոխհրաձգություն» է տեղի ունեցել, իսկ առողջ մթնոլորտ ստեղծելու համար նախ պետք է խոսել ծրագրերից: Միմյանց հարվածելով չի որոշվում, թե ով է լավագույնը, ընդգծեց նա:

«Ես կարծում եմ, որ լավագույնը ոչ թե չարյաց փոքրագույնն է, այլ նա է, ով որ կարողացել է այս ընթացքում ապացուցել քաղաքացիներին, որ ինքը նվիրյալ, անձնուրաց, աշխատող քաղաքական գործիչ է, և սա է ճանապարհը դեպի իրական քաղաքականություն», - հավելեց Թանդիլյանը։

Ի պատասխան «Ազատության» հարցի, թե ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստան»-ը իրեն խորհրդարանում համարում լավագույն ընդդիմադիր ուժը, կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը պարզաբանեց. - «Մենք միակն ենք, որ մինչև հիմա քաղաքականության մեջ չի առաջնորդվել սեփական կամ խմբային ինչ-որ շահերով, մեր բոլոր գործողությունները եղել են ի շահ ժողովրդի, ի շահ քաղաքացիների և ի շահ Հայաստանի Հանրապետության, և այսպիսին պետք է լինի նոր պառլամենտը»։

Գորգիսյանը նշեց, որ նոր խորհրդարանում բոլոր անավեճերը պիտի բխեն Հայաստանի Հանրապետության շահերից՝ շարունակելով. - «Բոլոր բանավեճերը պիտի միտված լինեն լավագույն լուծումը գտնելու Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների համար։ Մինչ այս մենք ունեցել ենք քաղաքական ուժեր, որոնք գործել են մի խմբի շահը ներկայացնելով, ինչ-որ մի մեծ օլիգարխի շահը ներկայացնելով, և այդ նույն ուժերը հիմա ուզում են գնալ խորհրդարան նույն բանի համար՝ շարունակելով պաշտպանել, ներկայացնել, առաջ տանել ինչ-որ կոնկրետ խմբերի, կոնկրետ անհատների շահերը։ Այդպես չպետք է լինի այլևս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG