Մատչելիության հղումներ

Արդար ընտրությունների նպատակը «ընտրողի մոտ պատասխանատվություն արթնացնելն է»


Հայաստանի ապագան, ներքաղաքական իրավիճակը, խորհրդարանական առաջիկա ընտրությունները, այս և այլ հարցեր չեն կարող չմտահոգել յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում և իհարկե՝ մեր այն արվեստագետներին, ովքեր մշտապես իրենց կարծիքն են անվարան արտահայտել այս կամ այն հրատապ հարցի շուրջ:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված իրենց խոսքում Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ու երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը շեշտում էին, որ համոզված են, դրանք մեր երկրի ապագայի համար խիստ վճռորոշ են լինելու:

Եղիշե Պետրոսյան
Եղիշե Պետրոսյան

Եղիշե Պետրոսյանի համոզմամբ՝ գարնանից մեր երկրում տեղի ունեցող հեղափոխական պրոցեսը առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո էլ չի ավարտվելու․ - «Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որովհետև հորը էնքան մեծ ա փորած, որի մեջ մենք ընկել ենք, որ էդ հորը լցնելը շատ երկար ժամանակ ա պահանջում: Պարզից էլ պարզ է, որ էս հեղափոխության հմայքի տակ «Իմ քայլը» պետք ա ունենա բացարձակ մեծամասնություն: Ինձ անհանգստացնում է այլ բան․ էն մնացած տեղերը գոնե արժանի ուժեր զբաղեցնեն: Ես, օրինակ, չէի ուզենա Հանրապետականին տեսնեի ընդհանրապես մի երկար ժամանակ քաղաքական դաշտում: Իրանք իրանց ինչ-որ ձև են տվել, թե միակ ընդդիմություն կարան լինեն․․․ չէ: Ինչի՞ն ընդդիմություն, հեղափոխությա՞նը: Էս ճանապարհին, որը մենք ընտրել ենք ազգովի, դրան ընդդիմություն լինելս ո՞րն ա: Ես ուղղակի կզարմանամ, որ մարդիկ արդյունքում թույլ տալ, որ նրանք հաղթահարեն այդ շեմը: Ես, օրինակ, մեծ ցավ կապրեմ․․․ Նոր ուժերը թող մտնեն»:

Ռուբեն Բաբայանը հույս ունի, որ գոնե այս ընտրություններին ընտրողն իրոք ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվի իր քվեին․ - «Ճիշտն ասած, այնքան էլ կարևոր չի իմ համար, թե ով է լինելու Ազգային ժողովում: Կարևորը, որ ընտրությունները լինեն արդար, որովհետև արդար ընտրությունները, կարծում եմ, ունեն միայն մի գերխնդիր՝ ընտրողը պետք է պատասխանատվություն կրի իր ընտրածի համար: Լավ խորհրդարան կընտրվի՝ պատասխանատվությունը իմն է, վատ խորհրդարան կընտրվի՝ պատասխանատվությունը ևս իմն է: Եվ ընտրողը պիտի իրավունք չունենա ասել՝ ինձ կաշառեցին, վախացրեցին․․․ Արդար ընտրությունների միակ ու միակ նպատակը դա ընտրողի մոտ պատասխանատվություն արթնացնելն է: Եթե այս ընտրությունները լինեն ազատ արդար, և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, այդ ժամանակ մենք առաջին անգամ միգուցե այս վերջին տասնյակ տարիների ընթացքում կունենանք ընտրող, ով պատասխանատվություն կկրի իր ընտրածի համար»:

Վերհիշելով նախորդ խորհրդարանական ընտրությունները՝ Ռուբեն Բաբայանն ասաց, որ այդ անգամ իշխանությունը խաբվեց․ - «Վերցրեցին տասը հազար, իշխանությունը կարծես, որ էդ տասը հազարը ինքը տալիս ա հինգ տարվա համար, ընտրողը ասեց՝ ես տասը հազար էի վերցրել մեկ օրվա համար: Էդ մեկ օրը ես կգնամ ձայն քեզ կտամ, երկրորդ օրը դուրս կգամ փողոց․․․ Չեմ կարծում, որ ընդդիմություն չպետք է լինի: Ընդդիմություն միշտ պետք է լինի: Եթե ժողովուրդը ընտրի իրենց՝ թող լինեն ընդդիմություն»:

Էդվարդ Միլիտոնյան
Էդվարդ Միլիտոնյան

Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ, առաջիկա ընտրությունները մի շատ կարևոր առանձնահատկություն ունեն, որ նախկինում երբեք չի եղել: Այսքան կուսակցություն ու դաշինք պայքարի են այսօր դուրս եկել ոչ թե իշխանության, այլ առաջիկա ձևավորվելիք խորհրդարանում ընդդիմություն դառնալու համար: Եվ սա, Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ, ասես երգիծական վեպի նյութ լինի․ - «Մեկից մեկ է, որ «Իմ քայլը» կունենա բարձր դիրք, բայց ընդդիմության համար պայքարողները ծիծաղելի վիճակում են հայտնվելու: Ո՞նց կարող է երգիծական վեպ չգրի մարդը, երբ որ տեսնում է, որ բոլորը պայքարում են ընդդիմության տեղի համար: Ես ուզում եմ մեր քաղաքական կուսակցություններին, գործիչներին ասել՝ ինքներդ ձեզ համար նախ որոշեք՝ ձեր ասածը դուք կարո՞ղ եք իրագործել, որ հետո ժողովրդին որպես ծրագիր մատուցեք․․․»

«Ով ուզում է, թող ընտրվի», - ասաց Ռուբեն Բաբայանը՝ շարունակելով․ - «Ես կարծում եմ, որ քաղաքականությունը մեր կյանքում չափից ավելի մեծ տեղ է գրավում: Մենք մոռացել ենք ինչ է սերը, ինչ է արվեստը, ինչ է բնությունը․․․ մենք սրա մասին չենք խոսում: Մենք խոսում ենք միայն քաղաքականության մասին: Կյանքը հո էդքան տխուր չի՞․․․ բոլորը քաղաքական հայացքներից են խոսում, էս ի՞նչ քառակուսի երկիր ենք դառել մեր մտածողությամբ։ Ինչքան շուտ ավարտվի, և ինչքան շուտ մենք հասկանանք, որ կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան քաղաքականությունը և պառլամենտի ընտրությունները, այնքան լավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG