Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի և Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ:
Հարցվածների 67 տոկոսն ասել է՝ եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա կքվեարկեին «Քաղաքացիական պայմանագրի», 10 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի», 9-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 3-ը «Սասնա ծռերի», 2-ը՝ Հանրապետականի, 2-ը՝ Դաշնակցության օգտին:
Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ երբեք չի ընտրի Հանրապետականին, 18-ը՝ ԲՀԿ-ին, 17-ը՝ «Օրինաց երկրին», 16-ը՝ ՀՅԴ-ին:
Հարցվածների 82 տոկոսը ասել է, որ իր ամենասիրելի գործիչը Նիկոլ Փաշինյանն է, 81-ը դրական կարծիք է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի, 77-ը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին: Նրանց 82 տոկոսը ասել է, որ նոր կառավարությանը «շատ դրական» և «համեմատաբար դրական» է վերաբերվում: 63 տոկոսը արագ քաղաքական փոփոխությունների ցանկություն է հայտնել, 73 տոկոսը կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, և 81 տոկոսը համոզված է, որ երկրում իրավիճակը ապագայում կբարելավվի:
Հարցվածների մեծամասնությունը Փաշինյանի կառավարությունից ակնկալում է աշխատատեղերի ստեղծում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, թոշակների ու աշխատավարձերի բարձրացում: Նախկին կառավարության ձախողումը համարում են առաջին հերթին կոռուպցիան, թալանը, արտագաղթը, անարխիան և մոնոպոլիաները:
41 տոկոսն, ի դեպ, ասել է, որ ինտերնետում լուրեր ստանալու համար այցելում է Azatutyun.am:
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 9-29-ը՝ 1200 քաղաքացու շրջանում: