Մատչելիության հղումներ

«Հետևողական ենք լինելու Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում»․ Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» դաշինքը նախ եղավ Թալինում, այնուհետև Մարալիկ և Արթիկ քաղաքներում, իսկ եզրափակիչ հանդիպումն անցկացրեց Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Իր ելույթում Փաշինյանն անդրադարձավ աղետի գոտու, աշխատատեղերի խնդիրներին: - «Այս պահից սկսվում է հեղափոխության երկրորդ փուլը՝ տնտեսական հեղափոխության փուլը», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը, նշելով, որ առաջիկայում Գյումրիում սպասվում է նոր աշխատատեղերի բացում տեքստիլ արդյունաբերության ոլորտում, այստեղ և մի շարք քաղաքներում մի շարք ներդրումային ծրագրեր են իրականացվելու: - «Եվ գյումրեցին որևէ մեկի ողորմության կարիքը չի ունեցել և չի ունենալու, գյումրեցին աշխատելու է և գյումրեցին լինելու է բարեկեցիկ: Մենք նոր Արթիկում էինք: Այնտեղ էլ առնվազն մի քանի ներդրումային ծրագրեր են իրականացվում, կարի ֆաբրիկա է բացվելու մոտ 800 աշխատատեղերով, ներդրումային ծրագիր ենք էսօր քննարկելու, նպատակ կա վերելակների գործարան ստեղծել, նաև Գյումրիում տեքստիլ նոր արտադրամաս է բացվելու»:

Նախընտրական հանդիպումների ընթացքում վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտությանը, նշելով, որ այս պահին կարևորն այն է, որ հստակեցվի բանակցային գործընթացում Ղարաբաղի կարգավիճակը:

«Հետևողական ենք լինելու՝ Ղարաբաղին որպես բանակցային լիարժեք կողմ, որպես հակամարտության հիմնական կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում», - հայտարարեց Փաշինյանը: - «Չի կարող լինել Ղարաբաղի հարցի կարգավորում, առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման և մենք ասում ենք, որ Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի և մեր կառավարության ցանկությունների և մտադրությունների միջև չկա միլիմետրի անգամ տարբերություն»:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու ընտրական օրենսգիրքը չփոխվեց:

«Մեզ քննադատում են, ասում են՝ դուք պարտավորվել էիք, որ ընտրական օրենսգիրքը կփոխեք՝ չփոխեցիք: Բայց ես ուզում եմ ասել, որ այստեղ էլ մեր թիմը լիարժեք իր պարտավորությունը կատարել է, որովհետև մենք ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստել ենք, երկու անգամ մտցրել ենք Ազգային ժողով և մեզնից կախված ջանքերը գործադրել ենք, որ էդ օրենսգիրքը ընդունվի», - հիշեցրեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Բայց մի անգամ վերջին պահին իրեք հոգի էն կողմիցա փախել, վերջին պահին էրկու հոգի էն կողմ: Ի վերջո՝ մենք խորհրդարանում ունեցել ենք մաքսիմում 9 ձայն, ու մեզ ասում են՝ գիտեք ինչ, բա գնայիք՝ հարկադրանքով էդ ընտրական օրենսգիրքը ընդունել տայիք: Եթե մենք էդ ճանապարհով գնայինք, ամբողջ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կլիներ կասկածի տակ, որովհետև նրանք լացուկոծով գնալու էին միջազգային հանրության մոտ, ասելու էին՝ մենք նախկինում ունեինք Ընտրական օրենսգիրք, որը միջազգային հանրության կողմից ընդունված էր: Նրանք անընդհատ մեզ սադրանքի էին ենթարկում, որ մենք գնայինք՝ իրենց ստիպեինք, որ իրենք ստիպելով քվեարկեն, որպեսզի ընտրական օրենսգիրքը և ընտրական ողջ պրոցեսը լինի լեգիտիմությունից դուրս: Բայց մենք իրանց էդ կոմբինացիան կռահեցինք»:

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կավարտի Գյումրիում՝ դեկտեմբերի 7-ին: Այդ օրը նշվում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG