«Ժամանա'կն է» կարգախոսով արտահերթ ընտրություններին մասնակցող ուժը համարում է, որ ժամանակն է մասնակցել ընտրություններին ու գնալ խորհրդարան։
«Ժամանակն է ի վերջո ստեղծելու մրցունակ, սոցիալական հարցերը լուծելու կարողություններ ունեցող, պաշտպանունակ, անվտանգ և համահայկական պետություն», - ասաց կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:
Նախկինում որպես Նախախորհրդարանի, ապա որպես Հիմնադիր խորհրդարանի անդամներ ընդդիմադիր գործունեություն ծավալած Վարուժան Ավետիսյանը և իր այսօրվա կուսակիցներից շատերը լայն հանրությանը հայտնի են 2016-ի իրադարձություններից, երբ զենքով գրավեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը։
Իրենց գործողությունները «զինված ապստամբություն» անվանող «Սասնա ծռերի» անդամները այս տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայտարարեցին, թե զենքով հարցեր լուծելու էջը փակված են համարում։
Հարցին, թե արդյոք նախկին զինված գործունեությունը ստվեր չի գցում «Սասնա ծռերի» հեղինակության վրա, Ավետիսյանը պատասխանեց․ - «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ Բի-Բի-Սի-ն հարցումներ էր կատարել և ոչ մեկին չէր գտել Հայաստանի Հանրապետությունում, որ դատապարտեին մեր արարքը: Այդ փուլը արդեն մենք անցել ենք: Հիմա մենք գտնվում ենք ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանում»:
Բռնապետության ժամանակները Հայաստանում ավարտվել են», - ասում է «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանը․ - «Այլևս մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և, բնականաբար, ինքնապաշտպանության կարիք չկա: Ուստի սկսվում է կառուցողական մի դարաշրջան, փայլուն մի դարաշրջան է սկսվում, և էդտեղ պետք է նախ և առաջ ծանոթանալ մեր կուսակցության ծրագրերին, որոնք ստեղծված են Հիմնադիր խորհրդարանի՝ տարիներ շարունակ մտածված, նոր որակի պետության ծրագրերի հիման վրա: Ես կուզենայի, որ լրագրողները այսօրհետ մեզ հարցեր տայիք նաև մեր ծրագրերից»:
Ոչ միայն զինված հեղափոխության էջը, այլև անգամ զրույցի այդ թեման փակել ցանկացող «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին անհավանական չի թվում, որ այսօր իրենք գտնվում են ազատության մեջ ու կողք-կողքի կանգնած ընտրողներին կոչ են անում ձայն տալ իրենց, երբ ընդամենը ամիսներ առաջ ծանր հոդվածներով գտնվում էին անազատության մեջ:
Նրանցից մեկը Գևորգ Սաֆարյանն էր․ - «Մենք նիշտ ոչ թե պատկերացրել ենք, այլ համոզված ենք եղել, որ ավտորիտար ռեժիմը հեռանալու է, և հեռանալու է հենց էնպես, ինչպես տեղի ունեցավ՝ ժողովրդի հարկադրանքով: Եթե դուք հիշեց Նախախորհրդարանից սկսած, Հիմնադիր խորհրդարանը իր քարոզչության մեջ ասում էր, որ ընտրություններով ավտորիտար ռեժիմները չեն հեռանում: Ավտորիտար ռեժիմները հեռանում են հանրության ճնշումով, ինչը և տեղի ունեցավ»:
«Սասնա ծռերի» ընտրական ցուցակում Վարուժան Ավետիսյանին հաջորդում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, երրորդ տեղում Գարեգին Չուքասզյանն է:
Կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում ու նաև քարոզարշավին ակտիվորեն մասնակցում է ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ում ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ որոշումը կայացվեց վերջերս, և այդ պատճառով չկարողացավ առաջադրվել որպես թեկնածու։
«Պարտադիր չէ, որ ես ֆիզիկապես իմ ընկերների հետ միասին անպայման լինեմ խորհրդարանում: Կարևորն այն է, որ մեր քաղաքական ուժի լինելու է խորհրդարանում», - ասաց Սեֆիլյանը:
«Սասնա ծռերի» ներկայացուցիչները վստահ են, որ ստանալու են բավարար թվով ձայներ ու անցնելու են խորհրդարան: Այնուամենայնիվ համարում են, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովը ևս պետք է ժամանակվոր լինի և հեռանա 2 տարի անց։
«Անհրաժեշտ է համակարգային հիմնասյուներ ստեղծել, և այդ հիմնասյուները պետք է ստեղծվեն էս երկու տարիների ընթացքում: Այս երկու տարիների ավարտը պետք է լինի մշակումը նոր Սահմանադրության, նոր պետական կառավարման համակարգի ձևավորման, որը նշանակում է նոր ընտրություններ», - ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Թերևս նաև «Սասնա ծռերի» այս հայտարարությանը այսօր հեռակա և շատ կոշտ արձագանքեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը առաջնորդող Նիկոլ Փաշինյանը․ - «Որոնք էսօրվանից ասում են՝ էս խորհրդարանը մի տարվա կյանք ա ունենալու, տարիուկեսվա կյանք ա ունենալու․․․ Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք ա տրված որոշել խորհրդարանի և երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չի»: