Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի գիշերը մեծ անակնկալ է սպասում. Արմեն Աշոտյան


Հանրապետականը խորհրդարանական ընտրությունների ավարտին՝ դեկտեմբերի 9-ի գիշերն, անակնկալ է խոստանում Նիկոլ Փաշինյանին:

Այսօր նախընտրական քարոզարշավն ասուլիսով մեկնարկած Հանրապետականի քարոզչության պատասխանատու, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը շեշտեց՝ չնայած ստեղծված վախի մթնոլորտին, տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց ձայնը տալու են Հանրապետականին։

«Ես ունեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատարածքում, որտեղ մարդիկ, ում հետ ես խոսում եմ, ասում են՝ «Արմեն ջան, շտաբեր չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ։ Չենք գալու, որովհետև չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, չենք գալու, որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք գալու, որովհետև չենք ուզում գալուց հետո մեր տուն մարդ այցելի, ասի՝ «ինչո՞ւ ես գնացել Աշոտյանի, կամ Հանրապետականի շտաբ»: Բայց այդ մարդիկ շատ են, ու Նիկոլ Փաշինյանին՝ անձամբ և իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է մեծ անակնկալ», - ասաց Աշոտյանը։

Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ. Արթիկում հրավիրած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե գիտի՝ Աշոտյանն ինչ անակնկալի մասին է խոսում։

«Ես գիտեմ ինչ անակնկալ է սպասվում՝ դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ իրենց տնեցիք իրենց օգտին չեն քվեարկել», - ասաց Փաշինյանը։

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն ասուլիսին չէր մասնակցում, փոխարենը ներկա էր Հանրապետականի նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Արփինե Հովհաննիսյանը:

Վերջինս անդրադառնալով սառը ցնցուղ ընդունելու Փաշինյանի հորդորին՝ շեշտեց, եթե քաղաքացիները նման ցնցուղ ընդունեն, ապա կհասկանան, թե իրականում ինչ է տեղի ունենում երկրում:

«Եթե սառը ցնցուղ ընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն, ապա անպայման կընտրեն Հանրապետականին, որովհետև կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում, էս առաջինը, իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն իր ոճի մեջ է, կարող է այսօր էլ ավելի սուր բան ասել, դրանից ինչ է փոխվում ձեր կյանքում, դատեք ինքներդ», - ասաց Հովհաննիսյանը։

Վերադառնալով Հանրապետականի այսօրվա ասուլիսին, նշենք, որ կուսակցության քարոզչության պատասխանատուն անդրադարձավ նաև այսօրվանից մինչև դեկտեմբերի 5-ն արձակուրդ մեկնելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ առանց այն էլ ոչ երևելի ցուցանիշներ արձանագրած կառավարության ղեկավարը հանուն քարոզարշավի, երկիրը թողնում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի հույսին և իր քաղաքական շահի համար մեկնում արձակուրդ:

Ի դեպ Աշոտյանի համոզմամբ, Փաշինյանն արձակուրդ գնալու որոշում կայացրեց նաև հաշվի առնելով Հանրապետականի քննադատությունն այն մասին, որ վարչապետի պաշտոնակատարը վարչական ռեսուրս է օգտագործում։

«Մեր քննադատությունը տեղին էր, այո՛, Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիք այցի ընթացքում օգտագործում էր վարչական ռեսուրս։ Նա դա հասկացել է՝ միջազգային չափանիշները տեսել է և հասկացել է, որ եթե ուզում է անել քարոզարշավ մինչև ժամը 18։00-ն, ապա չի կարող դա անել վարչապետի կարգավիճակով։ Նա կարող էր քարոզարշավ անել 18։00-ից հետո։ Ինչո՞ւ է թողել երկրի հոգսերը երկու շաբաթով՝ տնտեսական սպառնալիքների, անվտանգային միջավայրի վատթարացման, ՀԱՊԿ-ում հասունացած պրոբլեմների... այսինքն՝ էդ ամեն ինչն իր համար կարևոր չէ՞, ավելի կարևո՞ր է, որ «Իմ քայլը» ստանա ոչ թե 72, այլ՝ 86։ Ինչո՞ւ ես թողել ու գնացել, դու մեկ է հաղթող ես, առանց այդ էլ լավ չէիր աշխատում որպես վարչապետ, հարգելի պարոն Փաշինյան։ Հիմա էլ թողել, գնացել ես մի մարդու վրա, որն առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելով հանդերձ երկու շաբաթ պետք է Հայաստանի խնդիրներո՞վ զբաղվի», - ասաց Աշոտյանը։

Այսօրվա ասուլիսում Հանրապետականը հրապարակեց իր նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթները՝ սեղմագրերով: Մասնավորապես, «ինչո՞ւ ընտրել Հանրապետականին» հարցին, կուսակցությունը հետևյալ պատասխան է տալիս՝ «մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ»:

Հանրապետականն առանձնացրել է նաև իր արժեքներն՝ ընդգծելով, որ ազգային պահպանողական կուսակցություն է և բարձր է գնահատում Հայ առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում:

Անդրադառնալով Արցախին, Հանրապետականն իր ծրագրում ընդգծում է, որ անզիջում է լինելու այս հարցում:

«Չի կարող լինել լուծում՝ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման՝ բոլորի կողմից, չի կարող լինել միակողմանի զիջում, մենք կտրականապես դեմ ենք խաղաղության դիմաց՝ տարածքներ թեզին», - ասված է Հանրապետականի նախընտրական ծրագրում:

Նկատենք՝ եթե Հանրապետականն իր նախընտրական դրույթները հրապարակել է եռագույնով, ապա նախընտրական կարգախոսն ու պաստառները սև ու սպիտակ են՝ շեշտելով, որ սև ու սպիտակն իրենց պարտադրել են ներկայիս իշխանությունները:

Անդրադառնալով այս առումով «Իմ քայլը» դաշինքի և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած քննադատություններին՝ Արմեն Աշոտյանը հպարտացավ, թե մարդ պետք է այնպիսի PR անի, որ երկրիդ վարչապետն այդքան սևեռվի քո դիզայնի վրա:

«Շնորհակալ եմ Ձեզ, Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արիք բոլ-բոլ, շնորհակալ ենք», - ասաց Աշոտյանը։

Դե իսկ ինչ վերաբերում է Հանրապետականի քարոզարշավին, ապա, ըստ Աշոտյանի, իրենք օգտվելու են քարոզչության բոլոր հնարավորություններից, օգտագործելու են մամուլը, դռնեդուռ արշավ են անելու, բայց մեծ հանրահավաքներ չեն կազմակերպելու:

Ինչպես Աշոտյանն է բացատրում, իրավիճակ է փոխվել, այսօր իշխանությունը Փաշինյանն է և իրենք են մեծ հանրահավաքներ անում, ինչպես ժամանակին՝ Հանրապետականը:

Ի դեպ, Հանրապետականը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին իբրև արմատական ընդդիմություն, և, ինչպես Աշոտյանն ընդգծեց, քարոզարշավի ընթացքում արձագանքելու են միայն Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի հայտարարություններին, քաղաքական մյուս ուժերի հայտարարություններին չեն անդրադառնալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG