Կրեմլը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը անվանել է «վտանգավոր սադրանք»։
«Սա վտանգավոր սադրանք է, որը պետք է ուսումնասիրել, հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը կոշտորեն կասեցնելու է իր ինքնիշխանության ու անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլ: Կերչում տեղի ունեցածը սեփական բնակչության ուշադրությունն ընտրությունների նախօրեին շեղելու փորձ է», - ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ճգնաժամանը հաղթահարելու գործում Բեռլինը կարող է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև Նորմանդյան քառյակի ձևաչափի շրջանակում:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն քիչ առաջ ստորագրել է երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում՝ ընդգծելով, թե այն կրում է պաշտպանական և ոչ հարձակողական բնույթ:
Պորոշենկոն պահանջել է Ռուսաստանից անհապաղ ազատել ուկրաինացի ծովայիններին և ուկրաինական երեք նավերը։ Նա հայտարարել է, որ ակնկալում է արագ արձագանք Մոսկվայից։
Մոսկվան, կարծես թե, չի պատրաստվում ազատ արձակել ուկրաինացի ծովայիններին:
«Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ծովային իրավունքի հարցերով փորձագետ Միխայիլ Վոյտենկոն։ Նրա խոսքով՝ ռուսաստանցի սահմանապահները պարզապես խուճապի են մատնվել և համարժեք չեն արձագանքել։
Միջազգային հանրությունը մտահոգված է վերջին իրադարձություններով և զսպվածության ու իրավիճակը է՛լ ավելի չսրելու կոչեր է անում։
Պաշտոնական Բեռլինը, մասնավորապես, մտահոգված է Կիևի և Մոսկվայի միջև միջադեպով։ Գերմանիայի արտգործնախարարությունում իրավիճակը վտանգավոր են որակում։ Այդ երկրի արտաքին գործերի փոխնախարարը ասել է, որ դեռ չունի ամբողջական տեղեկատվություն կատարվածի վերաբերյալ, սակայն Ռուսաստանը պետք է ամբողջովին բացի Կերչի նեղուցը բոլոր նավերի, այդ թվում նաև ուկրաինական նավերի համար։
Երկխոսության կոչ է արել նաև Չինաստանը։
Բալթյան երկրներն ու Վրաստանը դատապարտել են Ռուսաստանին կատարվածի համար։
Կանադայի արտգործնախարարությունը պահանջել է, որպեսզի Ռուսաստանը արագ վերադարձնի ուկրաինական նավերն ու ուկրաինացի զինվորականներին։
Ռուսաստանը կատարվածի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել:
Ուկրաինայի բոլոր ռազմական ուժերը բերվել են մարտական պատրաստվածության։ Ռուսական աղբյուրները նաև հայտնում են, որ Միացյալ Նահանգների Boeing RC-135V օդանավը այսօր առավոտյան հետախուզական թռիչքներ է իրականացրել Ղրիմի մոտակայքում։
Կիրակի օրը Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել:
Կերչի նեղուցն այս պահին փակ է:
Համացանցում երեկ տարածվել էր մի տեսագրություն, որում ռուսական նավերը հարձակվում են ուկրաինական նավի վրա:
Կիևում Ռուսաստանի դեսպանության շենքի առջև երեկվանից ընթանում են բողոքի ակցիաներ, այրվել են ռուսական դիվանագիտական համարներով ավտոմեքենաներ:
Մոսկվայում ամենուրեք խոսում են պատերազմի մասին, իսկ ազգային արժույթն արձանագրել է կտրուկ անկում, ԱՄՆ դոլարն այս պահին վաճառվում է շուրջ 67 ռուբլով: