«Լուսավոր Հայաստանը» լինելու է զսպող և հակակշռող ուժ գալիք խորհրդարանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մանե Թանդիլյանը:
Կուսակցությունում վստահ են, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկրորդ հաղթող ուժն են լինելու:
«Ընդհանրապես ես կարծում եմ, որ հակակշիռների և զսպումների մեխանիզմը այն գործիքակազմն է, որ մինչ այսօր չի գործում մեր քաղաքական դաշտում: Ընդդիմության գործառույթը միայն քննադատելը չէ, այլ զսպելը և հակակշռելը: Հետևաբար այն քննադատությունը, որ հնչեցնելու ենք մենք, լինելու է օբյեկտիվ, լինելու է կառուցող, աշխատող, առողջացնող և թույլ չի տալու, որ որևէ իշխանություն՝ անկախ ինչ ճանապարհով է եկել, ինչպես է եկել, շեղվի Հայաստանը լավագույն պետությունը դարձնելու ճանապարհից: Եվ սա մեր նպատակն է Ազգային ժողովում», - ասաց Թանդիլյանը:
Ավելի քան չորս ժամ Նոր Նորքի բոլոր զանգվածների բակերով շրջելով՝ կուսակցության աջակիցները բուկլետներ էին բաժանում բնակիչներին, հորդորում ընտրել հենց իրենց՝ հավաստիացնելով, որ ընտրողները տեսնելու են տարբերությունը հին ու նոր քաղաքական գործիչների միջև․ - «Հին ու նորը սև ու սպիտակ չէ: Ես համոզված եմ, որ մեր քաղաքացին այս կոչով հասկանում է, թե ինչի մասին է խոսքը, որովհետև ես գտնում եմ, որ նոր Հայաստանում այլևս արժեհամակարգային հեղափոխություն պետք է տեղի ունենա՝ նոր քաղաքական ուժերի միջոցով, որոնք ներկայացնում են մեր՝ արդեն իսկ փոխված հասարակությունը: Եվ հետևաբար վերադարձ հին բարքերին, որոնց դեմ և տեղի է ունեցել հեղափոխությունը, կարծում եմ, ուղղակի անթույլատրելի է, անկարելի և նույնիսկ վտանգավոր»:
«Ազատության» հարցին, թե ինչպես են ընտրողին ապացուցելու, որ իրենք են իրական ընդդիմությունը, Թանդիլյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ մեր ձայնը այնքան բարձր է հնչել միշտ և ամենուր, որ որևէ մեկի համար դա կասկած չէ: Որովհետև անկախ քաղաքական գործիչներն են, որ կարող են գործել որպես ընդդիմություն, քաղաքական գործիչները, ում որևէ կերպ հնարավոր չէ լռեցնել: Մեր գործիչների, մեր թիմի որևէ կախվածություն որևէ մեկից չկա, և դրա ազդեցությունը չի լինելու, բիզնեսները մեր չեն փակելու: Հետևաբար մենք պետք է հստակ հասկանանք, որ անկախ և արժանապատիվ քաղաքական գործունեություն կարող են իրականցնել և ընդդիմախոս դառնալ այն գործիչները, ովքեր որևէ կախվածություն չունեն որևէ մեկից և որևէ բանից»:
Ծրագիրը բաղկացած է բազմաթիվ կետերից՝ հարկային համակարգի փոփոխություն, փոքր բիզնեսի աջակցություն, Արցախի հիմնահարց, կոռուպցիայի դեմ պայքար և այլն:
Քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի պաշտոնից հեռացած Թանդիլյան նաև ասաց, որ հատուկ ուշադրություն են դարձնելու սոցիալ-տնտեսական բաժնին․ - «Բնական է, որ հենց սոցիալական ոլորտի այն խնդիրները, որոնց ես հետ առերեսվել եմ և լուծումները գիտեմ, լինելու են առաջնահերթություն առնվազն իմ գործունեության շրջանակներում, որովհետև խորքային տիրապետում եմ պրոբլեմներին՝ ընտանիքիների, երեխաների, թոշակառուների խնդիրներին, նպաստ ստացող ընտանիքների, որոնք որ ամենախոցելի խավն են: Այս լուծումները մենք ունենք»:
ԼՀԿ-ն քարոզարշավն իրականացնում է երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։
Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր մեկնել է Սյունիքի մարզ: Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։