Բոլոր ընտրություններում հաղթողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում՝ քարոզարշավի մեկնարկին։
Կոչ անելով վստահության քվե տալ «Իմ քայլը» դաշինքին, Փաշինյանը նշեց` ընտրությունների արդյունքներն այսուհետ որոշվելու են ոչ թե լցոնումներով, կաշառքով, ծեծուջարդով, այլ քաղաքացու քվեով։
«Մենք եկել ենք ձեզ կոչ անելու, որ այս ընտրություններում դուք վստահության քվե տաք «Իմ քայլը» դաշինքին, բայց մեր նպատակը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալիք բոլոր ընտրություններում, անկախ նրանից, թե որ ուժն առաջին տեղը կզբաղեցնի, բոլոր ընտրություններում, հաղթողը պետք է լինի մի սուբյեկտ՝ հաղթողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետև ՀՀ քաղաքացու քվեով է որոշվելու՝ ով է առաջինը, երկրորդը, երրորդը, ոչ թե լցոնումներով, ոչ թե ծեծուջարդով, ոչ թե քվեատուփեր ու քվեաթերթիկներ գողանալով, ոչ թե ընտրակաշառքներով, ոչ թե սպառնալիքներով, այլ Հայաստանի ազատ քաղաքացու ազատ կամարտահայտմամբ», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի թեկնածուն նշեց՝ հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ, ըստ էության, Հայաստանից հեռացվեց հեղափոխությունների անհրաժեշտությունը։
«Բոլոր այն դեպքերում, երբ որ դուք որոշեք հեղափոխություն անել, դուք ձեր հեղափոխությունը կարող եք անել մեկ քվեաթերթիկի միջոցով։ Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը՝ որովհետև ժողովուրդը զրկված էր ընտրություններով իշխանություն ձևավորելու հնարավորությունից, որովհետև դուք քվեարկում էիք մեկի օգտին՝ ընտրվում էր մեկ ուրիշը, ձեր ձայնը գողանում էին, ձեր ձայնը նենգափոխում էին՝ ընտրակաշառքներով, տարբեր կեղծիքներով, սպառնալիքներով: Հեղափոխության ամենամեծ արդյունքը պետք է լինի դա, որ դուք ցանկացած ընտրության ժամանակ էդ հեղափոխությունն անելու հնարավորությունն ունենալու եք, և ուրեմն ցանկացած ընտրության ժամանակ հեղափոխություն անելու ձեր իրավունքը պաշտպանված է լինելու», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ երբ ժողովուրդը կորոշի, որ ինքն այլևս չպետք է լինի վարչապետ, նույն պահին ինքը կդադարի լինել Հայաստանի վարչապետ։
«Ինչո՞ւ եմ ես դարձել Հայաստանի վարչապետ՝ որովհետև դուք եք այդպես որոշել, ինչքա՞ն եմ ես մնալու Հայաստանի վարչապետ՝ այնքան ժամանակ, քանի դեռ դուք կորոշեք, որ ես պետք է կրեմ այդ կարգավիճակը։ Երբ դուք կորոշեք, որ ես չպետք է լինեմ այլևս, այդ նույն պահին ես կդադարեմ լինել Հայաստանի վարչապետ։ Սա է մեր հեղափոխության ամենամեծ արդյունքը», - ասաց Փաշինյանը։