Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները հավանություն տվեցին «Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագրի պայմաններին


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում, արխիվ

Ամիսներ տևած լարված բանակցություններից հետո Եվրոպական միության 27 երկրների առաջնորդները նախօրեին ի վերջո հավանություն տվեցին կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով համաձայնագրի պայմաններին:

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի խոսքով՝ «Բրեքզիթ»-ի հետ կապված ուրախության առիթ ոչ ոք չունի: Նա, այդուհանդերձ, մեջբերել է Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հայտնի երգի խոսքերը՝ «ընկերները հավերժ ընկերներ են»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի գնահատմամբ՝ համաձայնագիրը լավագույն գործարքն է, որ հնարավոր էր ունենալ:

«Այսօր տխուր օր է: Տեսնել, թե ինչպես է Եվրամիությունը լքում այնպիսի երկիր, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, չնայած ես դա կասեի ցանկացած մեկ այլ երկրի դեպքում, ցնծության և տոնախմբության առիթ չէ. սա տխուր պահ է` ողբերգություն», - հայտարարել է Յունկերը:

«Բրեքզիթ»-ի հարցով Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բարնիեի խոսքով՝ բանակցությունները շատ բարդ էին:

«Մենք բանակցություններ էինք վարում Մեծ Բրիտանիայի հետ, այլ ոչ թե Մեծ Բրիտանիայի դեմ: Եկել է պատասխանատվություն ստանձնելու ժամանակը», - հայտարարել է դիվանագետը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ Բրյուսելից դիմելով հայրենակիցներին՝ պատգամավորներին կոչ է արել աջակցել փաստաթղթին: Մեյի այս հայտարարությունները հնչում են երկրում ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի ֆոնին, որը համարվում է թերևս ամենալուրջը Մեծ Բրիտանիայի հետպատերազմական քաղաքական պատմության ընթացքում.
Եվրամիությունից դուրս գալու մասին 585-էջանոց պայմանագիրը մերժում են թե՛ «Բրեքզիթ»-ի կողմնակիցները, թե՛ հակառակորդները: Եվրոսկեպտիկները դժգոհ են փաստաթղթից, քանի որ, ըստ դրա, Մեծ Բրիտանիան առնվազն մինչև 2020 թվականը, իսկ հնարավոր է նաև ավելի երկար ժամանակ, փաստացի ամբողջությամբ պետք է ենթարկվի Եվրամիության կանոններին՝ միևնույն ժամանակ չունենալով ձայնի իրավունք: Հակառակ ճամբարում գործարքին դեմ են սկզբունքորեն՝ պահանջելով այդ հարցով նոր հանրաքվե անցկացնել:

Անցած շաբաթներին Մեծ Բրիտանիայում երկու նախարար և երեք փոխնախարար հրաժարական են ներկայացրել՝ չհամաձայնելով «Բրեքզիթ»-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Եվրամիության անդամ երկրների հավանությանն արժանանալուց հետո փաստաթուղթը առաջիկա օրերին նաև քվեարկության պետք է դրվի բրիտանական խորհրդարանում:

Ըստ կանխատեսումների՝ այդ քվեարկության արդյունքում կտապալվի ոչ միայն փաստաթուղթը, այլ նաև գործող կառավարությունը: Ընդդիմությունից բացի փաստաթղթին դեմ քվեարկելու մտադրության մասին են հայտարարում նաև իշխանական ճամբարի ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG