Մեկնարկեց դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Առաջադրված 11 ուժերը 12 օր ունեն` շրջելու ողջ Հայաստանով, համոզելու իրենց ձայն տալ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը քարոզչությունը կսկսի մեկ ժամից` Արագածոտնի մարզում: Ժամը 11-ին հանրահավաք է Թալինի հրապարակում, ապա Փաշինյանը կայցելի Շիրակի մարզ` նախընտրական հանդիպումներ անցկացնելու Մարալիկում, Արթիկում, երեկոյան էլ հանրահավաք է նախատեսված Գյումրիում: Ի դեպ, վարչապետի պաշտոնակատարը երեկ տեղեկացրել է, որ այսօրվանից արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար:
Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքի անդամներն արդեն Տավուշի ճանապարհին են, այսօր հավաքներ են նախատեսված Նոյեմբերյան, Իջևան և այլ քաղաքներում:
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկի մասին դեռ չի հաղորդել Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
ՀՅ Դաշնակցությունը քարոզարշավի մեկնարկը տալու է երեկոյան Երևանում` Արամ Մանուկյանի արձանի մոտ համակիրների հետ հանդիպումով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան քարոզարշավը մեկնարկելու է Երևանի Նոր Նորք համայնքում` Մանե Թանդիլյանի գլխավորությամբ: «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը կուսակցական մեկ այլ թիմի արշավը սկսել է Սյունիքի մարզից:
Իշխանությունը կորցրած Հանրապետականը այսօր կուսակցության գրասենյակում լրագրողներին է ներկայացնելու նախընտրական ծրագիրը, ընտրողների հետ հանդիպումների մասին Հանրապետականը չի հաղորդում:
«Սասնա Ծռեր» կուսակցությունը քարոզչությունը սկսելու է խորհրդանշական վայրից` կեսօրին հավաք անցկացնելով Ազգային ժողովի այգում:
Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը երևանյան քայլերթով է սկսելու արշավը:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մեկ ժամից հավաք կանցկացնի քաղաքացիական պայքարի խորհրդանիշ Մաշտոցի պուրակում: Կուսակցությունը երեկ հրապարակեց կարգախոսը` «Ապագան Քոնն է»:
Ընտրություններին մասնակցում են նաև նորաստեղծ «Ազգային Առաջընթաց» և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը: «Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով», - մասնավորապես ասել է նախագահը: