Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ռուսաստանի իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան մուտք գործելու թույլտվության համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը:
«Ռուսական կողմի այդ քայլը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի հարաբերություններին», - ըստ «Թուրան»-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը հղում է անում երկու երկրների միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության» մասին պայմանագրին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ փաստաթղթով կողմերը պարտավորվել են «չաջակցել անջատական շարժումներին, ինչպես նաև արգելել և կանխել առանձին անհատների գործունեությունը, որն ուղղված է մյուս երկրի պետական ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ»։
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայության, Բակո Սահակյանն աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել նոյեմբերի 24-ին: Նրա օրակարգի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: